Ես բացառում եմ 17 քաղաքական ուժերի օրակարգը եւ իրենց վարչապետի թեկնածուին: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինչ-որ պահի ինքը կաջակցի այդ ուժերին, որոնք հույս ունեն, որ որոշ պատգամավորներ կաջակցեն իրենց եւ կհաջողվի պաշտոնանկ անել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


«Նախքան խմբակցությունից դուրս գալը ես այդ մասին խոսել եմ: Ես վստահ եմ, որ որեւէ մեկը ոչ քայլ կանի ինձ հետ քննարկելու, որովհետեւ ես բացառում եմ իրենց օրակարգը, իրենց վարչապետի թեկնածուին: Ես այդ մասին երկար խոսել եմ: Այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցության ոչ ցանկություն, ոչ էլ մտադրություն ունեմ»,-ասաց նա: