«Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, եւ որոնք դեռեւս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ: Ընդհանրապես, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար է այն առումով, որպեսզի հնարավոր լինի որոշել տարածաշրջանի ապագան եւ տարածաշրջանում հարաբերությունների կառուցումը: Նախեւառաջ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կլինեն դաշնակցային: Բոլոր առումներով մենք մտերիմ գործընկերներ ենք: Այսօր մենք շատ խոսեցինք տնտեսության մասին: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ չնայած անցյալ դժվար տարվան՝ մենք գրեթե 4%-ով ավելացրել ենք մեր ապրանքաշրջանառությունը: Այս ամենը հիմք է տալիս հուսալու, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հետ լուծումներ կգտնենք հօգուտ հայ ժողովրդի, հայկական պետության եւ մեր երկկողմ հարաբերությունների», Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանին ասել է Պուտինը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ղարաբաղի դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի, կարգավիճակի, գերիների հարցերը մնում են չլուծված: Չնայած մինչեւ Մոսկվա մեկնելն արված հավաստիացումներին, նա այնուամենայնիվ ստորագրել է եռակողմ նոր հայտարարությունը: Նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո սա երկրորդ հակահայկական փաստաթուղթն է, որը վերաբերում է Հայաստանի տարածքի մասնատմանը եւ հաղորդակցությունների անվան տակ ռուս-թուրքական վերահսկողության սահմանմանը:

Պուտինի խոսքը Նիկոլ Փաշինյանին վկայում է, որ Մոսկվան հետեւողական շարունակում է իր ծրագրերը, որքան էլ հայաստանյան միջավայրում փորձ է արվում լռության մատնել ռուսական գործոնը, կամ ցույց տալ, որ Ռուսաստանն այլ ելք չունի: Հայաստանի համար կենսական շահերը կամ «չլուծված խնդիրները» ռուս-թուրքական շանտաժի մաս են՝ Հայաստանի հաշվին խնդիրները լուծելու համար, տնտեսական ինչ որ բուտաֆորիկ օգուտների խոստումներով: «Չլուծված խնդիրները» պարբերաբար մնալու են ռուս-թուրքական համաձայնությունների իրար հաջորդող փուլերին՝ Հայաստանին պարտադրվելիք նորանոր պայմանագրերի դիմաց։

Այս ֆոնին, Պուտինի խոսքը, թե Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները եղել են, կան ու կլինեն դաշնակցային, պարզապես սպառնալիք է Հայաստանին: Դա գուցե շոյում է հույսերով ապրող մարդկանց լսելիքը, թեեւ այդպիսիք գրեթե չեն մնացել, սակայն քաղաքական դասը պետք է հասկանա, որ Հայաստանի շահերը պաշտպանել հնարավոր է միայն ռուս-թուրքական համաձայնություններն ամբողջովին մերժելու պարագային: Ռուսաստանին «առանձնացնելով» ու հավատարմություն հայտնելով՝ քաղաքական դասն ազատում է նրան պատասխանատվությունից եւ լեգիտիմացնում եռակողմ գործողությունները:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/12/613451/