Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքի ավելի քան 200 հա հեկտար մշակովի հողատարածքները պատերազմից հետո ադրբեջանական նշանառության տակ են հայտնվել։ Նռնաձորի նախկին համայնքապետ Մկրտիչ Մկրտչյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ մարդիկ այլևս չեն կարողանա մշակել այդ հողերը։


«Ադրբեջանցիները հիմա մեր պետական սահմանի վրա են կանգնել, մի քիչ դեպի ներս՝ մեր կողմ, մոտ 50-100 մետր։ Մարդիկ այդ հողերի վրա հիմա չեն կարող գործ անել, որովհետև անմիջապես 44-րդ պոստի ներքևում է արտը՝ 150-200 մետր հեռավորության վրա ու նշանառության տակ։ Ընդհանուր մոտ 220 հա հող արդեն դառնում է նշանառության տակ»,- ասաց Մկրտչյանը։


Գյուղում մարդկանց տրամադրությունը նորմալ է, փոխանցեց նա։ «Պատերազմի օրերին մեր գյուղի մի երեխա անգամ դուրս չի եկել։ Մեղրիից ընտանիք կար, որ երեխեքին հանել էինք, բայց մեր գյուղից մի երեխա կամ մի մարդ դուրս չի եկել, 44 ընտանիքն էլ տեղում են»,- նշեց Մկրտիչ Մկրտչյանը։

Նռնաձորի բնակելի տները ադրբեջանական դիրքերից այսօր հեռու են մոտ 8 կմ։ «Ստում են, որ ասում են՝ Հայաստանից տարածք չի զիջվում, ԽՍՀՄ ժամանակ 44-րդ պոստն ու Դարբարան մերն են եղել, հիմա թուրքերն են նստել։ Պատերազմի ժամանակ նոյեմբերի 5-ին գրավեցին, մնաց իրենց։ Մենք էլ պլան էինք մշակել, որ նոյեմբերի 12-ին պետք է հետ բերեինք Դարբարան՝ առանց իմանալու, թե նոյեմբերի 9-ի գիշերը ինչ էր ստորագրվելու։ Իմ ջոկատն էր պատրաստվում, ուրիշ պոստից էլ նշանառու էինք բերել, որ գործողությունն անեինք։ Դարբարան իրենք անցել են, հիմա մի բան էլ առաջ են եկել»,- ասաց նա։

Մկրտիչ Մկրտչյանի խոսքով՝ հետագա աշխատանքները պետք է միտված լինեն հայկական տարածքները հետ բերելուն։

«Եթե նորմալ ղեկավարներ ու հրամատարներ լինեին, էս վիճակը չէր լինի։ Իմ ջոկատից 4 հոգի չէին ուզում պոստ գնալ, առաջին օրը զոռով տարա, հետո իմացան ում հետ պետք է գնան։ Առաջնորդը որոշիչ դեր ունի։ Եվ այդ մարդիկ դաժե հիմա էլ են պատրաստ կանգնել սահմանին, ասում են՝ ուր գնաք, կգանք։ Մենք հավաքվել էինք, որ դեկտեմբերի 21-ին պետք է գնայինք հերթափոխի, տղերքին փոխելու, բայց մեզ տեղեկացրին՝ հրաման ենք ստացել, որ կամավորականներ չեն լինելու։ Մեր սահմանները հլա անպաշտպան են, բայց կամավորականությունը հանում են։ Մեզ ասացին՝ բուշլատներն ու զենքերը բերեք հանձնեք»,- ասաց նա։