Ավանդական ու սովորութային այցով Լոնդոնում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որի հիմնական իմաստն այն է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետություն այլևս չկա, և պետք է ձեռնամուխ լինել «Չորրորդ հանրապետության» ստեղծմանը։

Արմեն Սարգսյանը, իհարկե նշում է, որ «Չորրորդ հանրապետություն» եզրը կիրառում է պայմանականորեն, սակայն իրականում նրա հոդվածը նվիրված է Հայաստանի Երրորդ Հանրապետության, այսինքն՝ գործող Հայաստանի Հանրապետության վախճանին։

«Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է, մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ և նպատակասլաց»,- գրում է Արմեն Սարգսյանը, ով իր իսկ տրամաբանության համաձայն՝ այլևս ոչ թե Հայաստանի նախագահն է, այլ անցյալ Հայաստանի նախագահը կամ Հայաստանի անցյալ նախագահը՝ ըստ ճաշակի։

Իրականում Արմեն Սարգսյանի առաջ քաշած գաղափարներն ու թեզերը կարող են կյանքի իրավունք ունենալ, դառնալ քննարկման առարկա, եթե դրանց հեղինակը լիներ որևէ հետազոտող, գիտնական կամ քաղաքագետ, բայց ոչ երբեք՝ Հայաստանի գործող ղեկավարը։

Բայց երբ երկրի նախագահը հրապարակավ հայտարարում է իր իսկ ղեկավարած պետության մահվան կամ «անցյալ լինելու» մասին, դա ոչ այլ ինչ է, քան հաղորդում հանցագործության մասին կամ ինքախոստովանություն, որովհետև Հայաստանի Երրորդ Հանրապետությունն իր մահկանացնուն է կնքել նաև Արմեն Սարգսյանի գործուն մասնակցության կամ հանցավոր անգործության պատճառով ու հետևանքով։

Ընդ որում, նույն հրապարակման մեջ Արմեն Սարգսյանը հանդես է գալիս նաև այլ ինքնախոստովանությամբ։

Նա իր հոդվածի խորագիր է ընտրել «Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին» արտահայտությունը՝ այդմով խոստովանելով, որ ներկայիս Հայաստանը հեռու է բովանդակային պետություն լինելու իրողությունից։

Այո, դա այդպես է, բայց այդպես է նաև Արմեն Սարգսյանի մեղքով ու պատասխանատվությամբ։ Որովհետև անցած երկուսուկես տարիներին Արմեն Սարգսյանը լուռ ու կրավորաբար հետևել է, թե ինչպես է «հեղափոխական իշխանությունը» հետևողականորեն ու մեթոդաբար քանդում պետության հիմքերը, բովանդակազրկում պետությունը։

Արմեն Սարգսյանի բրիտանական ժպիտի ու վայելչագեղ ստորագրության ներքո են կատարվել Սահմանադրական դատարանի դեմ հարձակումներն ու իշխանության այդ թևի ուզուրպացիան, նույն կերպ են ուժի մեջ մտել պետության բովանդակությունը խարխլող բազմաթիվ խնդրահարույց օրենքներ։

Այդ ամբողջ ընթացքում Արմեն Սարգսյանն ընդամենը բողոքել է իր լիազորությունների սահմանափակությունից՝ դառնալով պետության կազմաքանդման լուռ կամ կիսալուռ հանցակիցը։ Եվ այդքանից հետո նա այսօր խոսում է «Չորրորդ Հանրապետության» ստեղծման մասին, այդ հարցում, բնականաբար, առանցքային դեր վերապահելով ինզինքը։

Նա ուղիղ չի ասում, բայց չասվածից հասկացվում է, որ ստեղծված իրավիճակից ելք ապահովող անցումային կառավարությունը պետք է ստեղծվի իր գլխավորությամբ, ինչից ենթադրելի է նաև նրա ենթադրյալ դերակատարությունն ապագայում՝ «Չորրորդ Հանրապետության» իշխանության կազմում։

Հետաքրքիր զուգադիպությամբ, Արմեն Սարգսյանը «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու իր հայտը ներկայացնում է նույն օրը, երբ Մոսկվայում կայանում է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։

«Զուգադիպության» նպատակն ըստ ամենայնի այն է, որ հատկապես Մոսկվայում հիշեն, որ ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրի իրականացման հարցում Հայաստանում կարող են ապավինել ոչ միայն ԵՊՀ-ն չավարտած Նիկոլ Փաշինյանին, այլ նաև Մոսկվայում կրթություն ստացած Արմեն Սարգսյանին։

Կկարդա՞ արդյոք Պուտինն Արմեն Սարգսյանի հոդվածը։ Հազիվ թե։ Նա ավելի շուտ կթելադրի հաջորդ հոդվածը, որը կհրապարակվի Նիկոլ Փաշինյանի անունից։

Աղբյուր՝ https://168.am/2021/01/12/1442326.html