ՀՀ կառավարությքան այսօրվա օրակարգում է եղել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցերը:


ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ ներդրվում է երկու մասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը: Բանն այն է, որ վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացմամբ դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողությանը՝ կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ:

«Իրարից էապես տարբերվող երևույթների մասին է խոսքը, և մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումն անհրաժեշտություն է քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է, որ պետք է ներդրվի մասնագիտացում նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով», – ասել է Բադասյանը:

Ըստ ԱՆ տվյալների՝ 2019-ի հուլիսի 1-ից մինչև 2020-ի հուլիսի 1-ը դատարանում քննվել են կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված 275 քրգործեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրգործի մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն է իրականացրել: Սրանից կարելի է եզրակացնել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական համակարգում 30 տոկոսով աճի միտում կա։


«Եվս մեկ խնդիր ենք լուծում այս փաթեթով, որ դատարանների նստավայրերը և հերթապահող դատավորների ժամանակացույցը հրապարակվում է: Այսինքն՝ բոլորի համար ակնհայտ է դառնում, թե օրինակ, կալանքի միջնորդությունը որ դատավորին է մակագրվելու: Մենք առաջարկում ենք հրապարակել միայն հերթապահություն իրականացնող նստավայրերի տվյալները՝ առանց հերթապահություն իրականացնող դատավորների հրապարակման», – նշել է արդարադատության նախարարը:


Այս ամենի արդյունքում, դատավորների թվի ավելացում է նախատեսվում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում կավելանա 21 հաստիք, Վերաքննիչ քրեական դատարանում՝ 3:

«Դատավորների թվաքանակի առումով դատական համակարգում մշտապես մտահոգություններ են հնչել, որ 100 հազար բնակչին բաժին ընկնող դատավորների քանակով մեր վիճակագրությունը բացասական առումով տարբերվում է ԵԽ այլ երկրներից։ Այսինքն՝ դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման։ Երկրորդ, անընդհատ հասարակությանը հուզում է մանավանդ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերի օբյեկտիվությունը։ Կարծում ենք, որ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, այդ թվում՝ բարեվարքության ստուգումը և այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստի, որ նշված դատական ակտերն ավելի օբյեկտիվ կլինեն», – հավելել է ՀՀ արդարադատության նախարարը: