Այս տարի մեր գնաճը գտնվում է թիրախային մակարդակում, այսինքն չի գերազանցելու 2-2.5 տոկոսը, դեկտեմբերի ցուցանիշը այսօր կամ վաղը կհրապարակվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում գների բարձրացմանը::

«Այսինքն շատ թիրախային է եւ էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարեւան եւ առեւտրային գործընկեր երկրներում: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը էականորեն ավելի մեծ գնաճ ունեն: Մերը, ի պատիվ Կենտրոնական բանկի, գտնվում է շատ մեղմ վիճակում: Հիմա, եթե կոնկրետ ապրանքների վերաբերյալ խոսենք, ինչ-որ մի ապրանքի թանկանալը փոխհատուցվում է այլ ապրանքի էժանանալով: Միջազգային շուկաներում որոշ ապրանքների գներ կտրուկ բարձրացել են եւ այստեղ Հայաստանը չի կարող իր սեփական քաղաքականությունը մշակել, որ աշխարհում գները իջնեն»,-ասաց նա: