ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը։ Քավանոյի խոսքով, դրականն այն է, որ Պուտինը մտադիր է աշխատել Ղարաբաղի հարցով, իսկ մտահոգիչն այն է, որ Ալիեւը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է։ Դա այդպես չէ, առանցքային հարցերը մնում են, անհրաժեշտ է համապարփակ կարգավորում ամուր խաղաղության ու բարգավաճման հիմքեր ստեղծելու համար։

Փորձագետներն սկսել են ավելի հաճախ խոսել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի փոխարինում քաղաքական կարգավորմանը, եւ կողմերը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն կարգավիճակի հարցով։ Տարածված փորձագիտական կարծիքների տողատակը հանգում է նրան, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանն օգտվել են ԱՄՆ-ում բարդ ընտրական փուլից եւ իրականացրել են հայկական հողերի բաժանման ծրագիրը։ Սակայն շատերը նշում են, որ ԱՄՆ դիրքորոշումն այդպես էլ անորոշ է մնացել։ Համաշխարհային լրատվամիջոցներում քննարկվում է հարցը, թե Բայդենի իշխանության գալն ինչպես կանդրադառնա Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության վրա։

Փորձագետների մի մասը հանգել է կարծիքին, որ առանձնապես ոչինչ չի փոխվի, թեկուզ այն պատճառով, որ Բայդենի վարչակազմում առաջադրվել են Օբամայի նախագահության շրջանից հայտնի անձինք։ Բացի այդ, դեմոկրատական վարչակազմը, ինչպես ակնկալում են փորձագետները, ավելի կոշտ մոտեցում է ունենալու Ռուսաստանի նկատմամբ, եւ այդ առումով Հարավային Կովկասը կարող է դառնալ դիմակայության ասպարեզներից մեկը։

Փորձագետների մյուս մասն սպասում է ԱՄՆ ակտիվ վերադարձին ղարաբաղյան կարգավորում եւ այդ համատեքստում Արցախի կարգավիճակի ու սահմանների «համատեղ» որոշումը։ Այդ դեպքում Արցախում ռուսական զորքերին փոխարինելու կգա՞ն միջազգային խաղաղապահները։ Այս փուլում այդ հարցը չի քննարկվում։

Հայաստանի ներկայիս կառավարության հասցեին մեղադրանքներն են հնչում, որ հայկական կողմի համար կործանիչ պատերազմը տեղի է ունեցել ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտյան ուղղությամբ դիվանագիտության ձախողման պատճառով։ Եթե ռուս ու նրանց հետ փոխկապակցված հայ փորձագետներն ասում են, որ «գունավոր հեղափոխության» ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ապա արեւմտյան լրատվամիջոցները հիշեցնում են Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցը։

Փորձագետները հիշում են, որ 2018 թվականի հոկտեմբերին Բոլթոնը, հղում անելով Փաշինյանի «հզոր մանդատին», ասել էր, որ նա դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո կկարողանա Ղարաբաղի հարցով «բարդ որոշումներ» կայացնել։ Այն ժամանակ Փաշինյանը կոշտ պատասխանեց, որ Բոլթոնը կարող է խոսել միայն իր անունից, բայց ոչ Փաշինյանի, եւ ղարաբաղյան խնդիրը կլուծվի այնպես, ինչպես կասի ժողովուրդը, այդ թվում՝ սփյուռքը։ Արեւմտյան փորձագետները նաեւ ասում են, որ Բոլթոնն այս հարցը կապել էր Իրանի շրջափակմանը միանալու կամ չմիանալու Հայաստանի որոշմանը։

Այսպես թե այնպես, ԱՄՆ-ն պետք է իր դիրքորոշումը հայտնի 44-օրյա պատերազմի ու Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Հնարավոր է, ԱՄՆ վերադարձի հնարավորության ֆոնին ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի առաջարկել հենց այնպես Ադրբեջանին 7 շրջան վերադարձնել, այլ նախատեսել էր կարգավիճակի հարցը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդպիսով տե՞ղ է թողնում ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ բանակցություններին։

Մինսկի խումբը միակ հարթակն է, որտեղ Մոսկվան եւ Վաշինգտոնը հավասար դիրքերում են, եւ հնարավոր է Մոսկվան այդ հարթակը փորձի օգտագործել ԱՄՆ նոր վարչակազմի հետ շփումների համար։ Կարող է թվալ, որ հիմա Մոսկվայի դիրքերն ավելի ուժեղ են, բայց իրականում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել՝ Մոսկվան արել է «կեղտոտ աշխատանքը» Ղարաբաղում, որի մասին Բոլթոնը խոսել էր Երեւանում։ Հիմա եկել է «մաքուր» դիվանագիտության ժամանակը։

ԱՂբյուր՝ https://www.lragir.am/2021/01/14/614101/