Հայ ժողովրդի աննկուն բարեկամ, ՌԴ պատգամավոր, Կրեմլի «պրոհայկական» ուղղության գործիչ Կոնստանտին Զատուլինն ասում է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, որոշակի փուլում, եթե ուզում եք, թույլ տվեց պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում: Հետո գալիս է ավանդական դարձած պատճառաբանությունը Հայաստանի եւ ՌԴ իշխանությունների միջեւ անվստահության եւ այլնի մասին, որով լի են ռուսական ու հայկական զլմ-ները:


Միջազգային ու ներռուսական հարթակներում սեպտեմբերի 27-ից ի վեր քննարկվում է հարցը, որ Ռուսաստանը հանձնել է իր դաշնակից Հայաստանին, կամ պատժել է Հայաստանին: Այդ պնդումների համար առիթ էին պատերազմի սկզբից Մոսկվայի հայտարարությունը չմիջամտելու, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում պաշտոնական Երեւանի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու մասին դիմումը «ցրելու» հանգամանքը: Թեեւ, իրողությունները միայն դրանցով չեն սահմանափակվում:


Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունը ծրագրավորված է մեղքը բացառապես Հայաստանի վրա դնելու սխեմայով: Թեեւ, ռուս-թուրքական ծրագրերի իրականացմանը զուգահեռ դա ավելի ու ավելի դժվար է դառնում: Առավել եւս զավեշտալի են դառնում պատերազմ սկսելու եւ այն կանգնեցնելու շուրջ հյուսված լեգենդները: Ի վերջո, Հայաստանին պատժելու թեզն էլ խիստ խոցելի է, քանի որ եթե Հայաստանն իսկապես դաշնակից է եւ պետք է Ռուսաստանին, իշխող ռեժիմի հանդեպ վերաբերմունքը չի կարող Հայաստանը ոչնչացնելու պատճառ դառնալ, առավել եւս, որ Ռուսաստանն անսահման լծակներ ուներ եւ ունի Հայաստանն իր ուղեծրում պահելու համար: Ամեն ինչ շատ ավելի բարդ ու միաժամանակ պարզ է՝ իրականացվում է ռուս-թուրքական ծրագիր, «տաշեղների» հարցում էլ նետվում են քարոզչական թեզեր:

Ներկայում Ռուսաստանում բարդ իրավիճակ է, իշխանության տրանզիտի ներկայիս փուլում սրվել է իշխող վարչակարգի տարբեր խմբավորումների միջեւ պայքարը, որը պատճառ է դարձել տեղեկատվական արտահոսքերի: Սա առնչվում է նաեւ Ռուսաստանի «ղարաբաղյան» քաղաքականությանը, եւ պետք է սպասել արտահոսքերի նաեւ այս ուղղությամբ, թեեւ արդեն իսկ եղած տեղեկատվությունը, պաշտոնական շրջանակների հայտարարությունները բավականաչափ լույս են սփռում տեղի ունեցածի վրա: Պարզապես ուշադիր լսել ու տեսնել է պետք, մի կողմ դնելով դրանց «հեղինակային մեկնությունները»: Ինքնին քարոզչական նման ուղղվածությունը շատ բանի մասին է վկայում:

Կոնստանտին Զատուլինի հայտարարությունն անշուշտ այս իրողությունների արտահայտությունն է, առաջին լուրջ «բացահայտումը» պաշտոնական մակարդակում: Իսկ Փաշինյանի ռեժիմն իսկական նվեր է՝ միաժամանակ «արեւմտամետի» ու կոլաբորանտի դերում:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/15/614213/