Մենք ասում ենք, որ կա կոռուպցիայի մեջ թաթախված զինվորական, որը առաջին պատերազմում կերտել է այդ հերոսապատումը, իսկ հետագայում այդ հերոսապատման արդյունքը մաշացրել է իր առանձնատների միջոցով: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Թող դրա մասին մտածեն այդ 14 գեներալները, որոնք մինչեւ գեներալ լինելը մայորներ ու փոխգնդապետներ էին եւ կերտում էին այդ հաղթանակները, իսկ այսօր կարող եք այդ բոլորի 14-ի ռանձնատներով ման գալ: Դուք կտեսնեոք բիզնես, տներ, որոնց ապացույցները, թե ինչ միջոցներով են դրանք ստեղծվել, ոչ ոք չի կարող տալ: Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել, թե Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ բիզնես միջոցներով է կառուցվել: Կամ Աշոտ պետրոսյանը, որ այդ գեներալներից վերջին տեղում է: Նրանք բոլորն էլ` 14 գեներալներն էլ մասնակից են եղել մեր առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը, դա հեշտ չի եղել, բայց չեմ ուզում մեղավորներ ման գալ, թող ամեն մեկը մտածի այս պատերազմն ինչու չդարձավ Սարդարապատ»»,-ասաց նա և ավելացրեց՝ երբ խոսում ենք Շուշիի, Հադրութի մասին, այնպիսի շեշտադրումներով ենք խոսում, որ կարծեք՝ մենք կանոնավոր բանակը մեր ձեռքով ուզում ենք դարձնել ֆիդայական ջոկատներ: