Մայր ու որդի ապրում էին միասին: Ընտանիքի հայրը լքել էր նրանց, երբ որդին շատ փոքր էր: Մայրը մեծ դժվարությամբ էր մեծացրել որդուն, որքան անքուն գիշերներ էր անցկացրել հիվանդ տղային խնամելու համար: Խեղճ կինը օր ու գիշեր աշխատում էր, որպեսզի կարողանա որդուն պահել:

Տղան մեծանում էր, սակայն դժվար ապրուստն ու զրկանքներով լի տարիները իրենց դրոշմն էին թողել նրա առողջության վրա: Լրացավ տղայի տասնութ տարին և նրան զորակոչեցին բանակ: Մայրը դիմում էր տարբեր ատյաններ, սակայն ոչ մի տեղ չէին ցանկանում նրան լսել:

Մոր սիրտը կանխագուշակում էր, որ որդու համար բանակային պայմանները կարող են ճակատագրական լինել: Տղային բանակ ճանապարհելուց հետո նա օր ու գիշեր աղոթում էր, խնդրում էր Տիրոջը պահպանել որդուն: Նա խնդրել էր որդուն հաճախակի նամակ գրել, որպեսզի տեղյակ լինի որդու վիճակից:

Առաջին վեց ամիսների ընթացքում նա գրեթե ամեն շաբաթ որդուց նամակ էր ստանում, կարդում էր ու խաղաղվում: Սակայն որոշ ժամանակ անց նամակները դադարեցին գալ: Խեղճ կինն անհանգստությունից տեղը չէր գտնում: Կորցրել էր քունը, ամեն առավոտ եկեղեցի էր գնում ու աղոթում:

Մի գիշեր նա երազում որդուն տեսավ: Որդին գրկեց նրան ու սկսեց լաց լինել: Մայրը ձեռքով սրբեց արցունքները: Որդին շատ հյուծված տեսք ուներ, նա ասաց.

«Ցավում է մայրիկ, շատ է ցավում ամբողջ մարմինս կոտրատվում է»: Մայրը ասաց որդուն.

«Տուր ինձ քո ցավը, ես այն իմ մեջ կպահեմ, միայն թե ասա, որտեղ գտնեմ քեզ»: Որդին ասաց ինչ որ հասցե ասաց ու կինը խելակորույս արթանացավ:

Անմիջապես թղթի վրա գրանցեց որդու ասած հասցեն ու անմիջապես ճանապարհ ընկավ: Հասնելով տեղ նա անցորդներից փորձեց ճշտել հասցեն և կորցրեց իրեն, երբ իմացավ, որ դա զինվորական հոսպիտալի հասցեն է:

Նա արագ գնաց ու հիվանդասենյակներից մեկում անկողնուն գամված գտավ որդուն: Նա ցավից տնքում էր: Բժիշկը մոտեցավ և զարմացած հարցրեց կնոջ ինքնությունը:

Կինն ասաց, որ հիվանդի մայրն է: Մեծ եղավ բժշկի զարմանքը, նա ասաց, որ իրենք ոչ ոքի, այդ թվում նաև տղայի հարազատներին չեն հայտնել նրա գտնվելու վայրի մասին:

Բժիշկը նրանց թողեց միասին ու գլխիկոր հեռացավ, հուսադրող ոչինչ չէր կարող ասել: Մայրը մոտեցավ գրկեց որդուն: Որդին վերջին անգամ շշնջաց մայրիկ ու փակեց աչքերը:

Մայրը ծնկաչոք իջավ որդու մահճակալի մոտ, ամուր գրկեց որդուն ու նրա սիրտը դադարեց բաբախել: Նրա սիրտը կանգնեց որդու սրտի հետ մեկտեղ:

http://infosarm.ru/archives/93069