Այսօր Ստեփանակերտում քաղաքի մուտքից դեպի Եղբայրական գերեզմանատուն տանող ճանապարհին հայկական դրոշները փոխարինվել են ռուսականով։ Ի՞նչ է տեղի ունենում Արցախում։


Երեկ տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որի ժամանակ խոսել են ռազմագերիների վերադարձի ու Արցախի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայկական կրոնական, մշակութային, պատմական ժառանգության պահպանման մասին։

Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, աշխատեն Ղարաբաղում՝ աջակցություն ցուցաբերելով տեղի բնակչությանը։ Սակայն քննարկումների ժամանակ հարցեր են ծագում, որոնք կախված են կարգավիճակի շուրջ հակասություններից։ Երեւանի ու Բաքվի միջեւ հենց այդ հակասությունների պատճառով երեք առաջնորդների կողմից որոշվել է շրջանցել այց հարցը, ասել է Լավրովը։


«Հայ պաշտոնյաները ներգրավված են Լեռնային Ղարաբաղին մարդասիրական աջակցության ցուցաբերմանը, որը ոչ մի բացասական էմոցիա չի առաջացնում Բաքվում», ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են հայ նախարարները մեկնում Արցախ։

Փաստորեն, Մոսկվան Հայաստանի ու Արցախի հարաբերությունները դիտարկում է բացառապես «մարդասիրական» ասպեկտում, իսկ կարգավիճակի հարցը ոչ մի կերպ չի կապվում Հայաստանի հետ։ Ստացվում է, որ Հայաստանը պետք է մարդասիրական աջակցություն ցույց տա Արցախին, քանի դեռ այն «ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի է», բայց Մոսկվան քաղաքական իրավունքներ չի նախատեսում Արցախի կարգավիճակի հարցում։

Հայկական դրոշներն արդեն հանել են, եւ ոչ ոք ոչ Ստեփանակերտում, ոչ էլ Երեւանում չի նկատել դա։

Չնայած ռուսական աղբյուրներն ամեն օր գրում են Ռուսաստանի կողմից Արցախի բնակչությանն օգնելու մասին, հիմա Արցախի շուրջ 70 հազար բնակչությունը հիմնականում ապրում է Հայաստանից եկող օգնության հաշվին։ Հիշեցնենք, որ Հայաստանը ֆինանսավորում է աշխատավարձերի ու թոշակների վճարումը, ինչպես նաեւ մարդասիրական օգնության տրամադրումը։

Տորոնտոյում բնակվող պատմաբան Րաֆֆի Բեդրոսյանը The Armenian Weekly-ի իր սյունակում գրել է, որ սփյուռքահայերը խանդավառությամբ մասնակցեցին պատերազմին, մեկ ամսում ավելի շատ գումար հանգանակելով, քան վերջին 20 տարիներին։ Անցած տարի սփյուռքն իրոք աննախադեպ՝ 170 միլիոն դոլար գումար է հավաքել միայն Հայաստան հիմնադրամի միջոցով, եւ դա թույլ է տալիս մինչ օրս մարդասիրական հարցեր լուծել Արցախում։ Այլ խոսքով, դա թույլ է տալիս Արցախի բնակչությանը պահել տարածքում, որն անհասկանալի է թե ում վերահսկողության տակ է մնացել՝ հայկական ուժերի, թե ռուս խաղաղապահների։

Ի՞նչ կլինի, երբ սփյուռքի փողերը վերջանան։ Արցախը կարող է ապահովել իրեն, բայց դրա համար պետք է պարզաբանել, թե ինչ կարգավիճակում են ապրելու մարդիկ, ինչ անձնագիր են ունենալու, ով է ապահովելու սեփականության, ներդրումների անձեռնմխելիությունը։

Հայաստանի իշխանությունն ու քաղաքական ուժերի մեծամասնությունը չեն պատասխանում այդ հարցերին ու Մոսկվայի հետ ներդաշնակ ասում են, որ հիմա պետք է ռազմագերիների մասին մտածել։ Նրանք ձեւ են անում, որ զբաղված են լուրջ «քաղաքական գործընթացներով», որոնք հանգում են փոխադարձ մեղադրանքների ու անամոթ մանիպուլյացիաների։ Հայաստանը պատրա՞ստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել Արցախի համար եւ Հայաստանի հազարավոր քաղաքացիների համար, որոնք զոհվել են։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/19/615120/