Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերից ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված 62 հայ զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում։ Այս մասին Lragir.am-ին ասաց Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը, ով զբաղվում է այս աշխատանքներով։


«Բանակցային պրոցեսի մասին չենք կարող այս փուլում տեղեկություն տալ։ Շատ բարդ գործընթաց է, դրա համար հիմա հարմար չենք գտնում ոչ մի տեղեկություն տալ։ Բայց շատ խորը աշխատանք է տարվում»,- ասաց Ավագյանը։


Հիշեցնենք, որ հրադադարի պայմաններում ադրբեջանական կողմը հարձակվել էր հայկական վերահսկողության տակ մնացած Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի դիրքերի ուղղությամբ ու գերեվարել 62 հայ զինծառայողների, իր վերահսկողության տակ վերցրել այդ գյուղերը։

Ալիեւը հայտարարել էր, որ իրենց մոտ գտնվող հայ զինծառայողների մի մասն «ահաբեկիչներ» են, ոչ թե ռազմագերիներ։ Նախորդ տարեվերջին ադրբեջանական կողմը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակով տեղեկացրել էր, որ Հադրութի շրջանում իբր «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբ է հայտնաբերվել, խմբի 62 անդամներ ձերբակալվել են, հարուցվել է քրեական գործ»։

«Իրենք կարող են ներկայացնել դիվերսանտ, կարող են չներկայացնել, բայց շատ լուրջ աշխատանք է, որը ելնելով միջազգային օրենսդրությունից, տարվում է։ Եվ ինձ թվում է, որ մենք պետք է անպայման հաջողություն ունենանք»,- ասաց Բորիս Ավագյանը։ Նրա խոսքով՝ գործընթացներին ներգրավված են ոչ միայն ռուսական խաղաղապահ ծառայության հրամանատարները։ «Շատ մարդիկ են ներգրավված այդ աշխատանքներին։ Գերեվարված տղաներից 62-ը Շիրակի մարզի ՄՈԲ-ի տղաներն են»,- հավելեց նա։

Բորիս Ավագյանն անդրադարձավ նաև հարցերին, թե ինչպես են գերեվարվել նրանք։ Արդյոք զինաթափվել են, հետո՞ են գերավարվել, ովքե՞ր են զինաթափվելու հրամաններ տվել, ռուս խաղաղապահներն ի՞նչ գործառույթ են իրականացրել տարածքում։ «Զենքով ո՞նց կարային գերեվարվեին։ Ինձ թվում է՝ այդ բոլոր հարցերը մենք կքննարկենք, եթե պետք լինի, կկազմվի հանձնաժողով՝ դա քննարկելու համար։ Այն դեպքում, երբ մենք ադրբեջանական կողմում գերիներ ունենք, նման քննարկումներն ավելորդ են։ Երբ բոլորը կվերադառնան հայրենիք, այդ ժամանակ մնացած հարցերի պատասխանները կփորձենք ստանալ»,- ասաց նա։

Ավագյանը չմանրամասնեց՝ հայկական կողմը տեղեկություններ ունի՞ գերեվարվածների առողջական վիճակի մասին։ Ըստ նրա՝ այդ հարցերը բանակցային պրոցեսի մաս են կազմում, չեն կարող բարձրաձայնել։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/20/615312/