Պատերազմից հետո հոգենաբական տրավմայից խուսափել են երկու տեսակի հայեր՝ հայրենիքի, զինվորի, պետականության նկատմամբ որևէ սեր չունեցողները և պատերազմի սցենարին ծանոթ մարդիկ։

Հայ ժողովրդի մյուս բոլոր մակարդակներում շոկային վիճակ է։ Եթե Արցախի, ՀՀ-ի կամ Սփյուռքի հայերը ընդհանուր առմամբ ծանր են տանում հայրենիքի մի հատվածի կորուստը, մեծ թվով հայրենակիցների զոհվելը և «հաղթելու ենք» անվան տակ խաբվելը, ապա փորձագիտական և լրագրողական հանրությունների վիճակը շատ ավելի ծանր է։

Նախապատերազմյան, պատերազմական և հետպատերազմյան փուլերում մենք պետության կառավարման խոհանոցում տեսնում էինք, թե ինչ է կատարվում։ Մեզանից ոմանք հավատացին իշխանության հավաստիացումներին, ոմանք կռիվ տվեցին հանուն մասնագիտական ազնվության, ոմանք էլ չհաշտվեցին սցենարների հետ ու պայքարեցին մինչև վերջ։

Պատերազմի այս փուլի ավարտից անցել է մոտ 3 ամիս։ Տեսնում եմ, որ վերլուծաբանները և փորձագետները հիմնականում դեռևս չեն կարողանում ուշքի գալ։ Շատերը կորցրել են իրողությունների սթափ գնահատումը և ադեկվատությունը, ոմանք անցել են հայհոյանքով հռետորաբանությանը, այնինչ մեր պետության կառավարման մեքենան շարունակում է մեծ թափով գլորվել դեպի անդունդը։

Մենք պարտավոր ենք թափ տալ մեզ, ոտքի կանգնել և կատարել մեր մասնագիտական պարտքը՝ հանուն հայրենիքի, հանուն պետականության։ Մենք պարտավոր ենք իրողությունները գնահատել անկողմնակալ, սթափ և օպերատիվ։ Պարտավոր ենք անել ամեն հնարավոր ու նույնիսկ անհնարը՝ հանուն մեր ժողովրդի և պետականության։

Իշխանությունները ժամանակավոր են։ Նրանք կարող են լինել հաջողակ, ձախողված կամ 30 արծաթով ծախված։ Միևնույն է, ժամանակավոր են։ Չկա մի իշխանություն, որը հավերժ կառավարի։ Լավ կառավարիչներին ժողովուրդը հիշում է օրհնանքով, վատերին՝ անեծքով։ Չկա ավելի արդար դատավոր, քան ազգի միտքն ու հոգին։

Ժամանակավոր կառավարիչների պատճառով մենք իրավունք չունենք անտեր թողնելու մեր պետության անիվը։ Եթե անգամ ղեկը անկառավարելի է, միևնույն է՝ անիվներին մենք կարող ենք ճիշտ ուղղություն տալ և հասցնել անվտանգ կանգառ, որից հետո էլի մենք ենք աշխատելու անիվների հետ՝ արդեն դեպի բարձունք։ Ոչինչ, որ ղեկի համար պայքարը կշարունակվի նաև այդ ժամանակ։

Մեդիափորձագետներին, վերլուծաբաններին, կարծիքի ձևավորման մասնագետներին կրկին ու կրկին խնդրում եմ՝ մենք կոտրվելու իրավունք չունենք։ Պետք է օր առաջ դուրս գալ աղետալի շոկային վիճակից ու սթրեսից՝ հանուն հայոց պետականության։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։