Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում Խաչմաչ բնակավայրում կառուցվել է հերթական բլոկամոդուլային ավանը: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Արդեն չորրորդ նման ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Բլոկամոդուլային ավանների կառուցումն ապահովում է զինծառայողների համար հարմարավետ կենսապայմաններ` էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում։

Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, ճաշարան, մթերքների պահեստ»,- նշված է հաղորդագրության մեջ: