ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ անցել են այն օրերը, երբ Միացյալ Նահանգները «ճկվում էր Ռուսաստանի ագրեսիայի առջեւ»: «Ես պարզ հասկացրեցի Պուտինին, բոլորովին այլ կերպ, քան իմ նախորդը, որ անցել են այն օրերը, երբ Միացյալ Նահանգները ճկվում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջեւ՝ միջամտություն մեր ընտրություններին, կիբեռհարձակումներ, սեփական քաղաքացիների թունավորում», Պետդեպարտամենտում իր ելույթի ժամանակ ասել է Բայդենը: «Ամերիկան վերադարձել է: Դիվանագիտությունը վերադարձել է»,- ասել է նա:

Բայդենը պատմել է Պուտինի հետ իր հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ: Կրեմլի ինսայդերները պատմել են, որ Պուտինը մեկ շաբաթ հեռախոսազրույց էր խնդրում, Բայդենն ի վերջո համաձայնել է: Այդպես էր նաեւ Օբամայի օրոք՝ Պուտինը գիշերը չէր քնում նրա հետ հեռախոսազրույցի համար: Ավելին, Օբաման միակն էր, որի հետ հանդիպումներից Պուտինը չէր ուշանում. Օբաման մի առիթով հայտարարել էր, որ Պուտինը գիտե ում հետ հանդիպումից չպետք է ուշանա:

Թրամփի օրոք իրավիճակը փոխվել էր՝ Թրամփն էր գիշերներն արթուն մնում հեռախոսազրույցի համար, որից հետո 2-3 օր սթրես էր տանում, պատմում են Սպիտակ տան ինսայդերները: Բայդենի օրոք, որի վարչակազմը ձեւավորվել է նաեւ Օբամայի ակտիվ մասնակցությամբ, իրավիճակը կրկին փոխվել է՝ «Ամերիկան վերադարձել է»:

Այդ վերադարձը ողջունել են ԱՄՆ դաշնակիցները, որոնք Թրամփի օրոք հայտնվել էին անորոշության մեջ: Փոխարենը, Ռուսաստանի եւ Թուրքիայի համար բացվել էին լայն հեռանկարներ, որոնք այս երկրները սկսեցին իրականացնել «տարածաշրջանները հավասար կիսելու» սկզբունքով: Դա կիրառվեց նաեւ Հայաստանի հանդեպ՝ Մոսկվա-Անկարա համատեղ պլանավորմամբ ու ահաբեկչական պատերազմով:

Որն էր Թրամփի ծառայությունն այս պարագայում: Փորձագետները նշում են, որ ԱՄՆ նախագահը չէր կարող փոխել ընդհանուր քաղաքականությունը, սակայն մարտավարական ու օպերատիվ պլանում կարող էր ուշացնել կամ ձգձգել որոշումները, եւ այդ ժամանակը բավարար էր ՌԴ եւ Թուրքիայի համար՝ կատարված փաստի առաջ կանգնեցնելու բոլորին:

Այդ խնդրին բախվեց նաեւ Հայաստանը: Մինսկի խմբի մանդատը շրջանցելով, Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ «նոր իրողություններ են ձեւավորել, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել», ինչպես ասել է Պուտինի տեղակալ Մեդվեդեւը: Հիշվում է՝ պատերազմի մեկնարկին Թրամփը հայտարարեց, թե «տեսնենք կարո՞ղ ենք կանգնեցնել», իսկ նրա պետքարտուղար Պոմպեոն էլ հույս հայտնեց, որ հայերը կդիմանան հարձակումներին:

ԱՄՆ վերադարձը կլինի՞ նաեւ Արցախում: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանի առջեւ բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված եռակողմ հայտարարության ու Թուրքիայի դերի հետ: Ակնհայտ է, որ Մոսկվան փորձելու է անշրջելի դարձնել իր հեղինակած հայտարարությամբ ստեղծված նոր իրողությունները, իսկ Արեւմուտքի ճնշման պայմաններում՝ դիմել նոր հանցագործությունների Հայաստանի դեմ, Թուրքիայի հետ իր «հակաարեւմտյան կուրսի» տրամաբանությամբ:

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են փոխել իրավիճակը, սակայն դրա համար Հայաստանը պետք է վարի համարժեք քաղաքականություն: Դրանից է մեծապես կախված լինելու, թե ինչ է շահելու Հայաստանն Ամերիկայի վերադարձից:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/05/618833/