Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտահերթ ընտրություններ չեն լինի, որովհետև քաղաքական ուժերը իրականում արտահերթ չեն ցանկանում։
«Իմ քայլը» տեսավ, որ ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի դեմքով և անհաջող մտքերով հաջողությամբ արժեզրկեց փողոցային պայքարը։ Նույնիսկ երբ իշխանությունն ընկած էր փողոցում, ընդդիմությունը չկարողացավ վերցնել։
Մյուս կողմից հրաժարականի ինստիտուտը բավական խնդրահարույց է և քաղաքական անկանխատեսելի ռիսկեր է պարունակում։
Եվ «Իմ քայլում» հստակ գիտակցում են, որ հաջորդ ընտրություններին ԱԺ-ում նման վերահսկողություն ունենալը բացառվում է։
Վերոնշյալից ելնելով՝ իշխանությունները արտահերթի գնալու մոտիվացիա չունեն։
ԲՀԿ-ը և ԼՀԿ-ը նույնպես։
Նոր ընտրություններում նրանք երբեք չեն ունենա այն ձայները, որ ունեն այսօր։ Իսկ ԼՀԿ-ն ընդհանրապես պետք է պայքար մղեր ԱԺ-ում հայտնվելու համար, քանի որ չունի ԲՀԿ ռեսուրսները, իսկ պայքարի արդյունքում հայտնվելու էր հներ-նորեր կատաղի պայքարի արանքում։
Նոր ընտրություններում նախկինները կարող էին վերակենդանանալ, իսկ Փաշինյանը կրկին մեծ աջակցություն ստանար։ Լուսավորին ու Բարգավաճին նման հեռանկար պետք չի, քանի որ դիրքերը միայն թուլանալու են։
17-ը ի սկզբանե էլ հայտարարել էր, որ ոչ թե արտահերթ է ուզում, այլ իշխանություն։ Որովհետև արտահերթի ժամանակ 17-ը կդառնա անիմաստ ֆորմատ, քանի որ մի քանի կուսակցությունները, որ այստեղ ռեսուրսներ ունեն ո՛չ Վազգեն Մանուկյանի դեմքի կարիքը կունենան, ո՛չ էլ լեյտենանտ Շմիդտի զավակների կարգավիճակ ունեցող մնացած ուժերի։
Թե ինչ է մտածում արտահերթի մասին ԼՏՊ-ը, գիտի միայն ԼՏՊ-ը։ Համենայնդեպս, Տեր-Պետրոսյանն իրեն ընդգծված հեռու է պահում քաղաքական գործընթացներից՝ այն անվանելով կործանարար։
Սերժ Սարգսյանը, դատելով ինֆորմացիոն հոսքերից և լռությունից, այս պրոցեսը համարում է անհեռանկար և հեռու է մնում գործողություններից։ Արտահերթը նրան ոչինչ չի տա։
Քոչարյանը միակն է, որ հայտարարեց ընտրություններին մասնակցելու ցանկության մասին։ Մնում է հասկանալ՝ որ ընտրություններին։ Այն, որ պետք է Փաշինյանը աներ, բայց չի անելու, թե այն, որ պետք է Մանուկյանը աներ, բայց չի կարողանում։
Ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտը ոչ մի մոտիվացիա չունի արտահերթի։ Մի մասը իշխանություն է ուզում հենց հիմա, մի մասն արդեն ունի։
Մնացածն աղմուկ է»։