Մասիսի բժշկական կենտրոնից փետրվարի 7-ին, Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։


Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արարատի մազի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն, որոնք հայտնել են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, տանը, պատահաբար, երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։ Ու արդեն փետրվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու քննիչները ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ․-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։

Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր․-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության։