«Եկել եմ ծանոթանամ, շփվեմ այս գումարման պատգամավորների հետ, 95 տոկոսին երևի չեմ ճանաչում: Ի՞նչ կարող եմ ասել՝ մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի մասը՝ հայկականության, մեր հոգևոր, մշակութային արժեքի հետ որևէ առնչություն չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են, մի երեք-չորս հոգի կան, որ մտքի, հումորի գիգանտներ են: Նրանց մասին սփյուռքահայերն արևմտահայերենով ասում են՝ «անուշադիր», արևելահայերենով դա դառնում, է՝ «ապուշ»»,- լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով իր ԱԺ գալու նպատակը, խորհրդարանակների մասին կարծիք հայտնեց նախկին ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ շարունակելով. «Մի քանի հոգի այդպիսիները կան, մի քանի հոգի էլ նորմալ հայ մարդիկ են, հայ ընտանիքի երեխաներ են: Մի քանիսի ծնողներին եմ ճանաչում, մի քանիսի մայրերին եմ ճանաչում, մի քանիսի հայրիկներին եմ ճանաչում... իմ գործը, հիմնականում, այս շերտի հետ է: Ինձ հետաքրքիր է հայ ընտանիքում մեծացածների հոգեկան, հոգեբանական վիճակը, մտորումները, կարծիքները, թե ինչպես են կարողանում այս իրավիճակում ծառայել մեկ անձի, որը երկիրը հասցրել է այս վիճակին»,- ասաց Ա. Վարդանյանը: «Սրիկաներին տեսնելու ցանկություն չունեմ... Նաև ուզում էի տեսնել՝ արդյոք բոլոր պատգամավորնե՞րն են զրահաբաճկոններով և սաղավարտներով... թող դասամիջոցն ավարտվի, կտեսնենք»,- ասաց նա: