Ապառաժը գրել է, որ վերջին երկու օրերին քննարկում է Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը: «Ապառաժ»-ը հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուս բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը:


Նժդեհի թեման տարիներ առաջ՝ 2016-ին, բացեց Մոսկվան, այդ թվում Կրեմլի ու ԱԳՆ մակարդակով։ Դա մի կողմից տեղավորվում էր Ռուսաստանում երկրորդ աշխարհամարտի սակրալացման տրամաբանության մեջ, մյուս կողմից դարձավ Հայաստանի դեմ 2015-ից սկիզբ առած՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ ՌԴ հակաարեւմտյան քաղաքական նոր կուրսի շրջանակում քարոզչական լայն արշավի մեխերից մեկը։ Հայաստանի հակառուսական պիտակին ավելացավ նաեւ ֆաշիստ պիտակը։ Ռուսների փոխանցմամբ թեման ակտիվորեն սկսեց պտտել Բաքվի քարոզչությունը։


Այն ժամանակվա նժդեհական-հհկ-ական իշխանությունն արդարանալու փորձեր էր անում, թեեւ այդ արշավի նպատակը բոլորովին այլ էր։ Դա այն շրջանն էր, երբ կազմվեց Լավրովյան պլանը, եւ հակահայկական արշավը դրա իրագործման քարոզչական նախապատրաստությունն էր։ Այս քարոզչությունը շարունակվեց նաեւ Հայաստանի նոր իշխանության օրոք, նույն բովանդակությամբ եւ շեշտադրումներով (ի դեպ, այս քարոզչությանը ձայնակցող հայկական շրջանակները գիտակցո՞ւմ են, թե ինչի տակ են մտել)։ Նպատակը Լավրովյան ծրագրի իրագործման եւ «հակառուսական ու ֆաշիստ» Հայաստանը հանձնելու կապակցությամբ Ռուսաստանի ներքին հնարավոր դժգոհ շրջանակների առջեւ արդարանալն էր, ինչպես նաեւ Ռուսաստանի «մեծահոգության-փրկչական» կերպարի պահպանումը։


Լավրովյան ծրագրի՝ ռուս-թուրքական պլանավորմամբ եւ Հայաստանի կանխորոշված պարտությամբ իրագործմանը Նժդեհին կրկին հիշելը վկայում է Հայաստանի դեմ մի քանի ուղղությամբ նոր խոշոր հարվածի նախապատրաստման մասին, որից հետո Ռուսաստանը «վերջին պահին փրկչություն կանի»։ Կասկած չկա, որ թեման թուրքերին հուշել են Մոսկվայից։ Ընդ որում, այս օրերին հատուկ ծառայությունների հետ կապված ռուսական զլմ-ներում հաճախացել են «հայկական նացիոնալիզմի» մասին հոդվածները։ Ռուս «խաղաղապահների» վերջին գործողությունները Ղարաբաղում, որոնց կանդրադառնանք առաջիկայում, վկայում են դրա հնարավորությունը։

Հայկական փորձագիտական շրջանակների մի մասը կարծում է, որ Ռուսաստանը հնարավորություն չունի դիմակայել թուրքերին եւ ստիպված գնում է համագործակցության ու զիջումների։ Մարդկանց կարելի է հասկանալ՝ հույսով ապրելը դժվարին ժամանակներին բնորոշ գիծ է։ Մյուս կողմից, Մոսկվան ստիպվա՞ծ է բացել օրինակ Նժդեհի թեման, կամ կազմել Լավրովյան պլանը, որի մանրամասները բոլորի աչքի առաջ են։

Սա 1921-ի 100-ամյակի նախերգանքն է՝ Մոսկվայից պատվիրված։ Ինչպես 1921-ին, այնպես էլ հիմա Ռուսաստանը որեւէ բան չի անում ստիպված, այն ժամանակ թուրքերին շռայլ նվերներն ու ռազմական աջակցությունը պայմանավորվում էր սոցիալիստական ինտերնացիոնալի հաղթանակով, ներկայում՝ Մոսկվայի հռչակած աշխարհքաղաքական ռեւիզիայի շրջանակում Թուրքիայի հետ հակաարեւմտյան կուրսով, ՆԱՏՕ-ից նրան կտրելու նպատակով։ Այն ժամանակ թուրքերը գցեցին Ռուսաստանին, նույնը անելու են հիմա (թեեւ, հայերի հանդեպ վերաբերմունքի պատճառները ավելի խորն են՝ ռուսների ու թուրքերի բարդույթներ ու քաղաքակրթական)։

Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանի հանդեպ իր բլոկային պարտավորություններից, եւ դա իր հերթին սրում է Երեւանի համար ՆԱՏՕ-ին դիմելու հրամայականը։ Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան չէ, նրանք միասին են, եւ դա ոչ թե մենք ենք ասում, այլ Պուտինը, Լավրովը եւ Շոյգուն։

Մինչ այդ, Երեւանը պետք է պահանջի Ռուսաստանում Բուդյոննու եւ Ֆրունզեի հազարավոր արձանների ապամոնտաժումն ու նրանց անունները կրող բնակավայրերի անվանափոխումը։ Բուդյոննին ու Ֆրունզեն պատասխանատու են 1919-1923 թվականներին քեմալականների հետ ձեռք-ձեռքի հարյուր հազարավոր հայերի սպանության համար ՝ մերձավոր Կարսից ու Գյումրիից մինչեւ հեռավոր Զմուռնիա (Իզմիր, Արեւմտյան Թուրքիա): Ռուսաստանի հարավում ստահակ Բուդյոննու անունն է կրում հայկական Սուրբ Խաչ հինավուրց ավանը, իսկ Ֆրունզեի անունը՝ մետրոյի կայարանը Մոսկվայում եւ նշանավոր Ռազմական ակադեմիան:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/11/620313/