Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ փետրվարի 13-ին ճապոնական գլխավոր՝ Հոնսյու կղզում տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժից ծանր վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Նրա խոսքով՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 153, զոհեր չկան, փոխանցում է TASS-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 103 վիրավորի մասին։

Վարչապետն ասել է, որ կառավարությունը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն՝ տուժած շրջանում կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար։ Արագընթաց երկաթուղու վնասված հատվածներից մեկում երթևեկը դադարեցված է։ Երկրաշարժից առաջացած փլուզումը փակել է ավտոմայրուղին կղզու հյուսիս-արևելքում։

Նշենք, որ ցնցումները զգացվել են Ճապոնիայի հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական 10 պրեֆեկտուրաներում։