Հոլանդական հետախուզության փաստաթուղթը վկայում է կապի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Նիդեռլանդներում սալաֆիների ակտիվացման միջեւ, հայտնում է Nederlandse Omroep Stichting-ը (NOS):

Դեռ գաղտնի պահվող զեկույցում Հոլանդիայի ահաբեկչության դեպ պայքարի եւ անվտանգության ազգային համակարգողը (NCTV) գնահատում է, որ Էրդողանի` «իսլամացման» նպատակները Թուրքիայում թուրք-հոլանդական ասոցիացիաների միջոցով տարածվում են Նիդեռլանդների թուրքական համայնքի վրա:


30 էջանոց փաստաթղթի համաձայն` թուրքական սալաֆիական կազմակերպություններն «ամուր կապեր» ունեն Նիդեռլանդներում թուրքական կազմակերպությունների, մասնավորապես` թուրք-հոլանդական երիտասարդական կազմակերպությունների հետ: Այդ խմբերը, իրենց հերթին, փոխգործակցում են սալաֆիների հետ կապված քարոզիչների հետ սոցցանցերում, որտեղ նրանք փառաբանում են ընկած ջիհադիստներին եւ կիսում են հակաարեւմտյան և հակասեմական հաղորդագրություններով: Փաստաթղթի մի բաժնում, որը վերնագրված է «Էրդողանի իսլամացման ռազմավարությունը. սալաֆիների առավելությունները», նշվում է, որ Թուրքիայի նախագահը սալաֆիների համար տեղ է հատկացրել Թուրքիայում, քանի որ կոնսոլիդացրել է իր քաղաքական իշխանությունը: Դրանում հատուկ ընդգծվում է Թուրքիայի հարաբերությունները որոշակի խմբակցությունների հետ, այդ թվում` Հայաթ Թահրիր ալ-Շամի (ՀԹՇ) հետ Սիրիայում, եւ պնդվում է, որ Էրդողանը «հնարավորություններ է ընձեռել» այլ իսլամիստական ​​ռազմատենչ շարժումներին, այդ թվում` ռեյդերների մեծ արեւելյան իսլամական ճակատին (IBDA-C): Զեկույցի վերլուծաբաններն առավել լրջորեն քննարկել են կապն Էրդողանի դիրքորոշման եւ 2019 թվականին Ուտրեխտում տրամվայի վրա հարձակման միջեւ: Այն պնդում է, որ Էրդողանի կողմից նորզելանդական Քրայսթչերչում ահաբեկչության հիշատակումը եւ ընդհանուր հակաարեւմտյան հռետորաբանությունը որոշակի դեր են խաղացել Հեքման Թանիսի «գործելու պատրաստակամության» հարցում: 2019 թվականի մարտի 18-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տրամվայի գնդակոծման արդյունքում երեք մարդ էր զոհվել, յոթ մարդ վիրավորվել էր: Ավելի ուշ հարձակման համար դատապարտվել էր 37-ամյա թուրք Թանիսը:

Հոլանդական HP/De Tijd ամսագիրը նշում է, որ վերլուծաբանները NCTV-ի ներսում եւ դրսում համակարծիք չեն այն հարցում, թե որքանով է ամուր կապն Էրդողանի հռետորաբանության եւ Ուտրեխտում հարձակման միջեւ: Թանիսի համախոհ համարվող քարոզիչներից մեկը` Մեթին Կապլանը, Էրդողանին «Ամերիկայի շուն» էր անվանել: Թուրքիայում եւ ԱՄՆ-ում IBDA-C-ն ընդգրկված է ահաբեկչական խմբավորումների ցանկում:

NCTV-ն HP/De Tijd-ին տված մեկնաբանության մեջ զեկույցը բնութագրել է որպես «վերլուծականորեն չհասունացած», ինչը նշանակում է, որ այն կառավարության ավարտուն հետախուզական արտադրանք չէ: Զեկույցում նաեւ նշվում է, որ նպատակներից մեկը տեղական համայնքապետարանների հետ աշխատելն է` կանխելու համար հոլանդացի թուրքերի արմատականացումը, այլ ոչ թե նրանց թիրախավորելու որպես խմբի: Նիդեռլանդներում զեկույցն, այնուամենայնիվ, առաջացրել է որոշ բացասական արձագանք, քանի որ հոլանդացի քաղաքական գործիչները բացատրություն են պահանջում զեկույցի կապակցությամբ:

Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ռոնալդ վան Ռաակը նախազգուշացրել է, որ որեւիցե եզրահանգում կատարելուց առաջ անհրաժեշտ է սպասել վերջնական զեկույցին:

Անկախ պատգամավոր Ֆեմկե Մերել վան Կուտենը «Թվիթերում» հայտարարել է, որ կառավարություն է ուղարկում փաստաթղթի հետ կապված 35 հարց:
Ծայրահեղ աջ «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսը ավելի հեռու է գնացել՝ վարչապետ Մարկ Ռյուտեին մեղադրելով, որ նա անտեսել է NCTV-ի զեկույցը: «Էրդողանը մահաբեր իսլամիստ է, որն ատելություն ու ահաբեկչություն է հրահրում այստեղ՝ Նիդեռլանդներում: Ես այս մասին ասում եմ արդեն ավելի քան 15 տարի, եւ դա մշտապես անտեսվել է [Ռյուտեի կողմից]»,- «Թվիթերում» նշել է Վիլդերսը: Ռյուտեի կառավարությունն առայժմ չի մեկնաբանել NCTC-ի զեկույցը: Թուրք պաշտոնյաները քննադատել են զեկույցը որպես «ռասիստական եւ կողմնակալ»: «Գերտ Վիլդերսի եւ նրա նեոնացիստների ուրախ բանդայի կողմից երբեւէ արտասանված ոչ մի բառ ոչինչ չի նշանակել»,- «Թվիթերում» նշել է Էրդողանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ֆահրեթին Ալթունը: «Իրական վտանգն այն է, որ Եվրոպայում թվացյալ չափավոր կառավարությունները եւ իբր պատասխանատու քաղաքական գործիչները, կարծես, սրա հետ համաձայն են»: