Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «1․ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ ճանաչեց 2018թ․ մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի նիստում։
2․ Հայ-թուրքական մերձեցման պրոցեսի մասին Սերժ Սարգսյանը 2008թ․ բաց ազդարարել է Մոսկվայից՝ երբ ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին հրավիրեց Երևան ֆուտբոլային խաղ դիտելու։
3․ Այդ պրոցեսով Թուրքիան կապեց հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրի հետ, ու սկսեց բացահայտ ներգրավվել Արցախյան հակամարտության կարգավորման գործում։
4․ Հաջորդած տարիներին Թուրքիայի ԱԳ նախարարները (և Դավութօղլուն, և Չավուշողլուն) քանիցս հայտարարեցին, որ Արցախյան խնդրով Ռուսաստանի հետ ունեն սերտ համագործակցություն և Մոսկվան պարբերաբար իրենց տեղեկացնում է առաջընթացի մասին․ երբեք չթաքցվեց, որ խոսքը վերաբերում է 7 շրջանների վերադարձին։
5․ 2015թ․ ծնվեց Լավրովյան պլանը, և աշնանը Ալիևը հիսթերիայի մեջ Երևանին մեղադրեց, թե հայկական կողմը հրաժարվում է Լավրովյան պլանից։ Էդուարդ Նալբանդյանը 2015թ․ դեկտեմբերին հայտարարեց, թե ոչ մի Լավրովի պլան էլ չի եղել ու չկա։
6․ 2016թ․ ապրիլի 2-ին Ադրբեջանը նախահարձակ եղավ։ Եթե Ալիևը դեռ 2016-ի էր ասում, թե «պարտված» Սերժ Սարգսյանն է պատերազմը կանգնեցնելու համար խնդրել Մոսկվային, իսկ մենք այն ժամանակ դրան չէինք հավատում, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս հայտարարեց, թե պատերազմը կանգնեցնելու համար Սերժ Սարգսյանը ինչ-որ ժամանակացույցի է համաձայնել․․․ 2020թ․ սեպտեմբերյան պատերազմից առաջ Ալիևն էլ խոսում էր 7 շրջանների տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերման ու դրանց հանձնման ժամանակացույցից, որ այլևս սպասել չի կարող․․․ Սերժ Սարգսյանի գրասենյակը որևէ կերպ չի արձագանքել սրան․․․
7․ Սերժ Սարգսյանը 2018թ․ մարտի 1-ին ուշացումով աղբարկղն է նետում հայ-թուրքական արձանագրությունները, բայց Թուրքիան արդեն Արցախյան խնդրով բանակցությունների մեջ ներգրավված էր, ու հենց Սերժ Սարգսյանն էր բանակցել Լավրովյան պլանը․․․
8․ Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2,5 տարի խուսանավեց նախկինների բանակցած տարբերակներին տեր կանգնելու հարցում, պատերազմից առաջ ու ընթացքում Նիկոլ Փաշինյանի սեղանին է դրվում ոչ նրա բանակցած Լավրովի պլանը՝ որպես պատերազմից խուսափելու կամ կանգնեցնելու միակ պայման․․․
Սերժ Սարգսյանն ու նրա դաշնակիցներն ասում են՝ ես/մենք մեղք չունենք, սաղ Նիկոլն է մեղավոր, փրկենք հայրենիքը․․․
Նիկոլ Փաշինյանի իշխանության մասով՝ հաջորդիվ»։