Ռուսաստանում խորացող ներքին ու արտաքին անորոշությունները, իշխող ռեժիմի եւ անձամբ Պուտինի դեսակրալացումը Թուրքիային հնարավորություն են տվել «վերանայել» պայմանավորվածությունները ՌԴ հետ։ Ընդհանրապես, Թուրքիան հմտորեն է խաղում մոսկովյան ռեժիմի բարդույթների ու «հակաարեւմտյան կուրսի» վրա, Ռուսաստանին հասցնելով գրեթե վասալային վիճակի։


Այսպես կոչված «Ադրբեջանի» տարածքում երեք բազաների տեղակայման վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ Կարսում համատեղ զորավարժության «բովանդակությունը» եւ դրան ռուսական կողմի արձագանքները հուշում են, որ Անկարան դուրս է եկել ինչ-ինչ պայմանավորվածություններից։


Այդ երեք բազաներն ըստ էության լինելու են ՆԱՏՕ-ի բազաներ, որքան էլ Մոսկվան Անկարայի միջոցով դաշինքը փլուզելու հույսեր է տածում։ Պուտինի տեղակալ Մեդվեդեւը խոսում է Անդրկովկասում Թուրքիայի օրինական շահերը հաշվի առնելու մասին՝ Հայաստանը հանձնելու հարցում ռուսական դիրքորոշումը պարզաբանելու համատեքստում։ Միեւնույն ժամանակ, սկսվել է Ռուսաստանի նահանջը Հայաստանից, իսկ ռուսական զորախումբն Արցախում շարունակում է մնալ օդում կախված վիճակում։


Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորություններից, իսկ «անվտանգության նոր համակարգը» ոչ այլ ինչ է, քան Հայաստանի տարածքի մի մասի հնարավոր օկուպացիա ռուս-թուրքական համատեղ «անվտանգության միջանցքներով»։ Սա՝ լավատեսական սցենարի դեպքում։

Հայաստանի ջախջախման գնով Արցախում զորք ունենալու վաղեմի երազանքը, եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի՝ որպես պետության, օրինականացման փորձը շրջվում է Ռուսաստանի դեմ։ Հետդարձի ճանապարհ չի մնացել։

Երկար տարիներ վերլուծական կենտրոնները աշխարհի տարբեր երկրներում քննարկում էին Հայաստանը պրոռուսական բլոկներից հանելու տեխնոլոգիան, եւ դա իսկապես հետաքրքիր թեմա էր՝ նկատի առնելով Հայաստանի անհույս կախվածությունն ու ռազմա-քաղաքական խոցելիությունը։ Նրանցից ոչ մեկի մտքով երեւի չէր անցնի, որ Ռուսաստանն ինքն է իր ձեռքով դա անելու։ Ռուսները դա երբեք չեն խոստովանի, բայց դա չի փոխում իրավիճակը։

Որն է Հայաստանի խնդիրը։ Անշուշտ՝ նոր քաղաքականության մշակումները, որը երկիրը զերծ կպահի փոփոխությունների շրջանում նոր զոհերից ու կորուստներից։ Ի վերջո, այդ փոփոխությունները լինելու են, խնդիրն այն է, թե Հայաստանն այդտեղ օբյեկտ է, թե սուբյեկտ։ Իշխող կոլաբորանտ խմբի ու 17-ի «փրկիչների» «բանավեճը» որեւէ առնչություն չունի այս խնդիրների հետ, մատնելով իրավիճակի վերաբերյալ անգամ մոտավոր պատկերացումների բացակայությունը նրանց շրջանում։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/23/622804/