Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», - ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:

Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը: