Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է.

«Երեկ Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը՝ իրավացիորեն մատնանշելով դրա առերևույթ հակասահմանադրականությունը։

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հետ ուղարկեց այս առերևույթ հակասահմանադրական հրամանագրի նախագիծը՝ երեկվանից սկսած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունի հետևյալ երեք տարբերակները՝

 

1. ստորագրել համապատասխան ակտը,

2. դիմել Սահմանադրական դատարան,

3. դրսևորել անգործություն, որի դեպքում այս առերևույթ հակասահմանադրական հրամանագրի նախագիծն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ինչը նշանակում է, որ Հանրապետության նախագահը չի կարող ստորագրել իր կողմից Սահմանադրությանը հակասող գնահատված հրամանագիրը կամ անգործություն դրսևորելով՝ թողնել, որ այն Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մտնի ուժի մեջ։

Հետևաբար՝ Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, պարտավոր է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին առերևույթ ապօրինի հրամանագրի նախագիծը հակասահմանադրական ճանաչելու պահանջով դիմել Սահմանադրական դատարան։

Փաշինյանի կողմնակիցները շատ լավ հասկանում են այս պարզ ճշմարտությունը, եւ, բնականաբար, անցել են իրենց հատուկ հակաիրավական գործելաոճին՝ շանտաժին։
Բացահայտ սպառնում են Արմեն Սարգսյանին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու հեռանկարով՝ նպատակով ունենալով ստիպել վերջինիս կոպտորեն խախտել Սահմանադրությունը և չդիմել Սահմանադրական դատարան։

Եթե հանգամանքների բերումով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեղի տա Փաշինյանի կողմնակիցների ճնշումներին, և իր հստակ արտահայտած դիրքորոշմանն ուղղակիորեն հակասող քայլ անի, ինչն այս պահին ես քիչ հավանական եմ համարում, դա կհամարվի Սահմանադրության կոպիտ խախտում և հիմք կհանդիսանա Արմեն Սարգսյանի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար»։