Նոյեմբերի 9-ից հետո Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակը հանցանքի վայրում բռնված գողի պահվածք է դրսեւորում, եւ դա պատահական չէ․ տեղի է ունեցել Հայաստանի դեմ ցեղասպան գործողություն համատեղ պլանավորմամբ, խախտվել են հնարավոր բոլոր նորմերը, այդ թվում՝ ԵԱՀԿ մանդատի առումով, ինչը կարող է բազմաթիվ հետեւանքներ ունենալ, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների համար մեղադրանքը։

Հաջորդ էական հանգամանքը՝ 2021-ին ավարտվում է մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի գործողության ժամկետը, եւ այս եռյակի գոյությունը կախված է Հայաստանից, ընդ որում՝ նույնիսկ պլանավորած Հայաստանի չգոյությունը չի լուծելու նրանց խնդիրը։ Նախեւառաջ խոսքը Ռուսաստանի մասին է, որը Հայաստանի հարցում վաղուց հատել է թշնամանքի սահմանը, եւ ներկայում ռուսական եւ ռուսահայ պրոպագանդոնների միջոցով փորձում է փակել ճեղքերը, ինչը գնալով մի կողմից ընդունում է զավեշտալի ու անհեթեթ դրսեւորումներ, մյուս կողմից ավելի է խորացնում դրանք։


Մոսկվայում բեմադրված թուրքական դրոշներով մեքենաների արշավը, ինչպես նաեւ Թուրքիային հայաստանյան ներքաղաքական դիմակայություն «մտցնելը» մատնում են այս հանգամանքը։

Զուր չէ, որ Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ակնարկը պայթեցրեց Ռուսաստանը։ Հնարավոր ու անհնար բոլոր ատյաններն անդրադարձան դրան, ձայնակցեցին հայաստանյան սազանդարները։ Նման արձագանքն անկասկած միայն ռազմական բաղադրիչով չէր պայմանավորված՝ որ ռուսական զենքը Հայաստանին մատակարարվում է թուրքերին համապատասխան երաշխիքներով։ Խնդիրն ավելի խորն է եւ առնչվում է Ռուսաստանի դերին եւ մասնակցությանը, 2015-ին սկիզբ առած քաղաքականությանը եւ Լավրովյան պլանին։

Սակայն ժամանակը քիչ է եւ Նիկոլ Փաշինյանը պետք է պատմի ամեն ինչ՝ հայ ժողովրդի հերոսական դիմադրությունը, հազարավոր զոհերի հիշատակն ու նրանց արածը իմաստավորելու համար՝ Արցախի հարավ, Շուշի-Բերձոր գիծ, Հադրութ եւ այլն։ Իր հերթին, Հայաստանի դեմ ռուսական քարոզչությունն իր նողկալիությամբ հանդերձ մի արժեքավոր կողմ ունի՝ այն ըստ էության մատնում է Ռուսաստանի դերն ու մտադրությունները։ Պետք է ուղղակի ավելի սառը եւ սթափ հետեւել այդ քարոզչությանը՝ այնտեղ ամեն ինչ ասված է։

Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը դա չի անում անձնական կամ այլ հանգամանքներից դրդված, հնարավոր է նրա դեմ կոմպրոմատներ կան, սակայն բանը բանից անցել է, եւ նրա խնդիրները չեն կարող վեր լինել Հայաստանի շահից․ հայ ժողովուրդը պետք է իմանա Հայաստանի դեմ եռյակի հանցագործության ակունքներն ու մեխանիզմները։ Դա շատ բան կարող է փոխել, հատկապես մարտի 16-ի նախօրեին։

Ապիկար կառավարության թույլ դիմադրունակությունն իրավիճակի խորացման պատճառն է։ Իր հերթին, արդեն անիմաստ է հարցնել՝ ինչով են զբաղված 17-ի միավորումը եւ եռակողմ հայտարարության հեղինակին հավատարմություն հայտնող շրջանակներն ու զլմ-ները՝ Հայաստանում անկայունություն հրահրելու արտաքին փորձերի շրջանակում․ բոլորին ամեն ինչ պարզ է, եւ նշանակություն չունի՝ գիտակցաբար, թե չհասկանալով են դա անում։


Հայաստանը դեռ պահում է հնարավորությունը, եւ այդ հնարավորությունը չօգտագործելը, նախեւառաջ խորհդրդարանում 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի ու Արցախի դեօկուպացիայի հարցերի քննարկումից հրաժարվելն ամբողջացնելու է Հայաստանի դեմ ագրեսիայի մասնակիցների շրջանակը։ Բոլորը սա պետք է հստակ իմանան։

Աղբյուր՝ lragir.am