Մարտի 3-ին՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանդես է եկել Հարավային Կովկասի 3 երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ինտենսիվ համագործակցության հաստատման նախաձեռնությամբ:

«Մենք մեր հարևաններին տրամադրում ենք քաղաք Թբիլիսին՝ որպես երկխոսության համար հարթակ»,- հայտարարել է վրացի նախարարը՝ պարզաբանելով, որ նկատի ունի հարաբերությունների կարգավորումը՝ ուղղված տնտեսության, բիզնեսի և մշակույթի ոլորտներում զարգացմանը:

«Առաջին հերթին խոսքը Հարավային Կովկասի 3 երկրների մասին է»,- նշել է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Զալկալիանիի խոսքով՝ 3 երկրները պետք է «իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին»։

«Ո՞վ, եթե ոչ մենք՝ հարավկովկասյան 3 երկրները, պետք է որոշենք մեր տարածաշրջանի ճակատագիրն ու ապագան։ Դրա համար էլ մենք առաջարկում ենք հավաքվել և այս ձևաչափի շրջանակներում սկսել քննարկումը»,- ասել է Զալկալիանին։