Ձեր առաջ շարքային զինվոր չի կանգնած, չէ՞, որ չճշտված ին­ֆորմացիա հրապարակի: Պնդում եմ՝ իսկանդերը պատե­րազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ին­չու, ապա դա իմ խնդիրը չի, Իրավունք թերթին ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Մովսես Հակոբյանը ավելի վաղ հայտարարել էր, որ իսկանդերը կիրառվել է: Հետո եղավ հայտնի սկանդալը վարչապետի հայտարարությունից հետո, ռուսական բուռն արձագանքով ու հայաստանյան «ընդդիմադիր» շրջանակների անհեթեթ մեկնաբանություններով: Հետո ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ իրենց հավաստի տեղեկություններով՝ իսկանդերը չէր կիրառվել, վարչապետի խոսնակը հայտարարեց, թե վարչապետին թյուրիմացության մեջ են գցել, Կրեմլի խոսնակն էլ հայտարարեց, թե ճշմարտությունը վերականգնվեց: Հատկանշական է, որ իսկանդերի կիրառման փաստը Մոսկվային հավասար հերքում էին նաեւ Բաքվում ու Անկարայում:

Պետք է արժանին մատուցել հայ գեներալին, ով այսքանից հետո պնդում է, որ իսկանդերը կիրառվել է: Քչերը կան Հայաստանում, ովքեր կհամարձակվեն հակաճառել ռուսներին: Մովսես Հակոբյանը նախկինում էլ արժեքավոր բացահայտումներ է արել, եւ իր պնդումից հետո լավ կլիներ ավելի մանրամասն պատմեր իսկանդերի կիրառման եւ այլ հանգամանքների մասին: Գուցե դրա ժամանակն էլ գա:

Մինչ այդ, Մոսկվա-Բաքու-Անկարա հերքումներն անկասկած առնչվում են Լավրովյան պլանի իրագործման հանգամանքներին: Այդ պլանը պետք է իրագործվեր պատերազմով եւ հայկական երաշխավորված պարտությամբ, որը Արցախ ռուսական զորք մտցնելու միակ ձեւն էր: Շուշի-Բերձոր գծով պատերազմի դադարեցումը եւ Հադրութի հանձնումը դրա պայմանն էր: Դա ենթադրում էր պատերազմի բարձր կառավարելիություն, հայկական կողմի դիմադրությունը թույլ չտալու համար: Ռուսաստանի համար դա բարդ խնդիր չէ, նկատի առնելով սպառազինության, հատկապես բարձր տեխնոլոգիական զինատեսակների վերահսկողությունը, այդ թվում՝ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի: Ընդ որում, կարեւոր պայման էր նաեւ մեծ քանակով զոհերը հայկական կողմից, որն ապահովվում էր հենց ՀՕՊ-ի անգործությամբ, ճակատում եւ թիկունքում քայքայիչ գործունեությամբ եւ այլն: Ոչ կուսակցական կամ չքաղաքականացված զինվորականների զրույցներն այս առումով խիստ արժեքավոր վկայություններ են:

Պատերազմը կանգնեցվեց Երասխում ռուսական ուղղաթիռի խոցումից եւ իսկանդերի կիրառումից հետո, որից հետո ռուսական զորքը մտավ Արցախ: Իսկանդերի կիրառումը տվյալ պարագայում մատնում է Ռուսաստանի պլանները եւ գործողությունները պատերազմի եւ դրա արդյունքների մասով: Բաքվի պարագայում խնդիրը պակաս կարեւոր չէ՝ ստացվում է, որ «հաղթանակը» ձեռք է բերվել Ռուսաստանի ծրագրերի եւ Թուրքիայի հետ պայմանավորվածությունների արդյունքում: Դա այդպես էլ կա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում