ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախօրեին մեկնարկած մեդիահարձակումները շարունակվում են՝ Ռուսաստանում ստեղծված Թելեգրամ-ալիքներում ակտիվորեն տարածվում է իմ անձնական հեռախոսահամարը: Հեռախոսիս տարբեր հավելվածների վրա շարունակում են ամենատարբեր բնույթի մահվան սպառնալիքներ նկարագրող հաղորդագրություններ գալ։
Պատճառը, ինչպես նախօրեին պարզեցի, անցյալ շաբաթ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին իմ ելույթն է, որի միտքը հետևյալն էր՝ Արցախյան երկրորդ պատերազմում պարտվել է ոչ միայն Հայաստանը, ոչ միայն Արցախը, այլև ռուսական զենքը։
Առհասարակ, կարծում եմ պատերազմում աղետալի պարտությունից հետո պետք է առավել հաճախ խոսել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների մասին։ Մեզ պետք է հիմնավորապես հասկանալ ու գնահատել այդ հարաբերությունների որակը, նշանակությունը, կարևորությունը և հեռանկարայնությունը։
Ակնհայտորեն կա, և ես տեսել եմ Ռուսաստան, որը կարող է Հայաստանի դեմ քայլեր անել, և ես տեսել եմ Ռուսաստան, որի հետ շահերի արդյունավետ համադրմամբ Ռուսաստանին ձեռնտու կլինի գործել՝ որպես իրական ռազմավարական դաշնակից:
Ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում Ռուսաստանը, որի համար հավասարապես կարևոր է դաշնակցային հարաբերությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Սովորական տրամաբանությունը ենթադրում է, որ հանուն մի դաշնակցի մյուս դաշնակիցների հետ հարաբերությունները չփչացնելու, բոլորի հետ հարաբերությունները պահպանելու և բոլորի հետ հավասարապես աշխատելու և սեփական դաշնակցային վարկը և հեղինակությունը պահպանելու համար գոյություն ունեցող սպառնալիքին համարժեք ինքնաբավ է դարձնում դաշնակցի պաշտպանունակությունը և ռազմավարական պոտենցիալը։
Ակնհայտ է, որ Ռուսաստանը հանուն Հայաստանի չի թշնամանալու իր մյուս դաշնակից Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և Հայաստանում պետք է այս իրողության հետ հաշվի նստեն։ Բայց, սրա հետ մեկտեղ, չնայած 2000-ականներից Հայաստանում իշխանության ղեկին գտնվող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նման առաջնորդների առկայությանը, Ռուսաստանը պետք է շահագրռություն հանդես բերեր ոչ թե տարիների ընթացքում Հայաստանի ողջ արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն համակարգերը կլլելու, այլ առավելագույնս օգնելու, աջակցելու և ոտքի վրա պահելու մեր երկրի անվտանգային համակարգը, Հայաստանի պաշտպանունակության մակարդակը։
Իհարկե, 25 տարի շարունակ այդ գիտակցումը Հայաստանում գրեթե բացակայել է, բայց դա որևէ կերպ չի արդարացնում իրերի ներկա դրությունը, որովհետև երբ խոսքը վերաբերում է դաշնակիցներից, իրապես դաշնակցային հարաբերություններին, դա դադարում է միայն մի կողմի պատասխանատվության հարցը լինել, ուստի ստեղծված իրավիճակն այլևս հայկական էլիտայի պատասխանատվության հարցը չէ միայն, բայցև դաշնակցի, որը Հայաստանի հզորացման մեջ տեսել է ոչ թե իր ուժը, իր հզորությունը, այլ տեսել է իր սպառնալիքը, թե այդպիսով կարող է կորցնել Հայաստանը, Հայաստանի նկատմամբ տոտալ վերահսկողությունը։
Ռուսաստանն ինքը պետք է չհանդուրժեր Հայաստանի հետ հարաբերությունների այս որակը։ Դաշնակցային մտածողությունը, պատկերացումները, պատասխանատվությունը հենց դրա մասին են։
Հզոր, զարգացած ժողովրդավար Հայաստանն իրականում չէր նշանակելու, և հետայսու ևս չի նշանակելու Ռուսաստանի համար Հայաստանի կորուստ։ Հայաստանը ոչ մի տեղ չի փախչելու, ռուսական կողմնորոշումն ու համակրանքը Ռուսաստանի հանդեպ պատմականորեն մեր գեների մեջ է։ Հակառակը, հզոր ու անվտանգային իմաստով ինքնաբավ Հայաստանը թույլ կտար և տալու է Ռուսաստանին ավելի ինքնավստահ խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Երկու տարի առաջ Մոսկվայում՝ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղի նիստում կայացած մի շատ հետաքրքիր քննարկման ժամանակ խոսք վերցրի առ այն, որ Հայաստանի հեղափոխությունից Մոսկվայում ոչ թե պետք է վախենան, ոչ թե պետք է զգուշանալ, այլ հակառակը՝ Հայաստանի հեղափոխությունը, ժողովրդավարությունը Ռուսաստանը կարող է դարձնել իր կարևոր ձեռքբերումը՝ կոտրելով այն կարծրատիպը, որ Ռուսաստանը աջակցում է բացառապես բռնապետական ռեժիմները։ ԱՄՆ-ում ՌԴ նախկին դեսպան սենատոր Կիսլյակը արագ ընկալեց ասելիքս։
Բայց հասկանալի է, որ այդ դահլիճում չէր մշակվում Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, այն շատ վաղուց մշակվում է թուրք-ադրբեջանական մտքի գերակայությամբ, և մեր անելիքն այս իրավիճակում այդ հարաբերակցությունը փոխելն է, ինչ գնով էլ որ լինի, որովհետև դրա այլընտրանքը՝ ոչինչ չանելը, կործանարար է լինելու Հայաստանի համար, հայ ժողովրդի համար»։