Վերնագիրը վերցված է 2020 նոյեմբեր 10-ին Կրեմլի խորհրդական Դմիտրի Կուլիկովի հայտարարությունից: Նրա «սահմանը» Տավուշ-Շուշի գծի վրա է: Լրագրի վերջին հրապարակումներից մեկը պարունակում էր ռուսական համացանցի էջերով շրջող մի քարտեզ, որտեղ Հայաստանի արեւելքից բան չէր մնացել: Քարտեզը, որ թյուրիմացաբար «ադրբեջանական» կարող էր ընկալվել, հուշեց ուրվագծել դրա հեղինակների տեսլականը: Հիմնվելով, անշուշտ, անցյալի իմացության վրա: Ներկան անցյալից է աճում, իսկ ապագան՝ ներկայից


Օրերս մի շարք ներկա թե նախկին կուսակցական գործիչներ անդրադարձել են Մոսկովյան 1921թ. պայմանագրին: Ցավոք, միայն զլմ-ների դրդումով: Կարծիքները ի մի բերելով, կարող ենք ասել, որ բավականին վախվորած են ու «Ռուսաստան» բառը խնամքով շրջանցող:

Ինչն է միավորում համբավավոր կուսակցությունների ընկերներին: Առաջին հերթին, ժամանակի մասին թյուր պատկերացումը. ոմանք պատրաստվում էին 6-7 ամսվա գրեթե «հանդիսավոր» միջոցառումների, ոմանք նախքան պայմանագիրը վիճարկելը տնային հիմնավոր աշխատանք են ակնկալում խեղճուկրակ պետությունից, ոմանք էլ բնական թվացող ՌԴ դեսպանատան փոխարեն առաջարկում են դեպի Եռաբլուր գնալ:

«Վախերը» մի կողմ դնենք: Ամիսների եւ հիշատակի երթերի ժամանակ չկա: Մարտ 16-ին սպառվում է պայմանագրի գործողության ֆորմալ-իրավական ժամկետը, եւ կողմերը ազատ են գործել իրենց հայեցողությամբ: Խոսքը Ռուսաստանի եւ Թուրքիայի մասին է: ՌԴ հեռավորարեւելյան զորամասերի առաջխաղացումը դեպի երկրի հարավում շտապ կառուցված վրանային ճամբարներ սկսվել էր նույնիսկ Տավուշի սահմանային սրումից առաջ՝ 2020 մարտ-ապրիլ ամիսներին:

Ինչ կապ ունի Տավուշը 1921 թվականի հետ

Կապը անմիջական է: Ամենայն հավանականությամբ, ռուս-թուրքական սիտուատիվ առեւտուրը, որի հիմքում «Հայաստանի մնացորդ-Կովկասի գլխավոր լեռնապար» սակարկային զույգն է, այսուհետեւ պերմանենտ բնույթ է կրելու: Տավուշը այս ընդարձակ տարածքի կարեւորագույն հենակետերից է: Կուլիկովը, այս առումով, ճիշտ է:

Ինչ հիմքեր կան ռուս-թուրքական նոր սահման գծելու համար, չէ որ կա 1921-ի սահմանը Ախուրյան-Արաքսով: Պատասխանելու համար կարեոր է նկատի առնել հետեւյալ հանգամանքները: Ի տարբերություն 1919 թվականի գարնան, երբ կայացավ Լենին-Քեմալ սկզբունքային համաձայնությունը Արեւմտյան Հայաստանը ապագա Անատոլիական կառավարությանը զիջելու շուրջ, Առաջին աշխարհամարտը ավարտված էր: Մինչդեռ հիմա կռիվը նոր է ծավալվում:

 
Տնտեսության, տրանսպորտի, հաղորդակցության եւ եղբայրության մասին հեքիաթները չպիտի մոլորեցնեն: Շրջանի երկու գլխավոր դերակատարները փորձում են ճշգրտել իրենց ռազմավարական պլանները: Երկու երկրների հայացքները Հարավային Կովկասի վրա խիստ տարբեր են այն իմաստով, որ եթե Թուրքիան ակնհայտ հավակնում է դուրս գալ Կովկասյան լեռնապարի մատույցներ, ապա Ռուսաստանը ի վիճակի չէ դիմադրել դրան եւ մեկ խնդիր է հետապնդում՝ հնարավորինս դանդաղեցնել եւ խճճել Թուրքիայի առաջխաղացումը: ՀՀ տարածքը այս իմաստով Թուրքիայից, Վրաստանից եւ Նախիջեւանից հարվածը կլանող դասական բուֆեր է, իսկ «Կուլիկովի գոտին»՝ երկրորդ էշելոն:

Ցարական ոսկին անցյալ է: Ինչն է այսօր Ռուսաստանի ռեսուրսը

Կովկասում 1919-ին վիճակը 180 աստիճանով հակառակն էր: Մոսկվան բեկում էր մտցրել քաղաքացիականի գրեթե բոլոր ճակատներում: Կրեմլը հստակ մտադրություն ուներ արեւմտյան տերությունների հետ գործարք կնքել «ցարական ոսկին՝ խորհրդայնացման դիմաց» բանաձեւով: Լենինի գործարքը Արեւմուտքի հետ կայացավ մեկ տարի անց եւ նախատեսում էր Անտանտայի եւ ԱՄՆ ֆինանսական շրջանակների «յուղման» միջոցով լուծել նաեւ Հայաստանը ոչնչացնելու կենսական խնդիրը: Թուրքիային փոխանցված 10 միլիոնը ոսկով՝ դեպի Արեւմուտք տեղափոխված ցարական պահուստի համեմատությամբ աղքատի գրպանի մետաղադրամ է: Ուկրաինայի նմանատիպ խնդիրը լուծվում էր գերմանական ուղղության վրա փոխադարձաբար անվճար եղանակով, անցում կատարելով Բրեստ-Լիտովսկից դեպի Ռապպալոյի ապագա պայմանագիր:

Հարավում Ռուսաստանի խնդիրը մեկն էր՝ անկախ, մեծ եւ ծովի շնորհիվ կենսունակ Հայաստանը, որ այո, պոտենցիալ, սակայն մահացու սպառնալիք էր Ռուսստանի համար: Սա հին, ընդհատումներով մեկ հազարամյակից ավել տեւող հակամարտության պատմություն է, որ մարքս-լենինյան պատմագիտության շրջանակում, նաեւ՝ եկեղեցական նկատառումներով հիմնականում անհայտ է պահվել հայ լայն հասարակայնությունից: Կար, իհարկե, Հայաստանից կախումով գոյատեւելու ռուսական հեռանկարը, որ տանում էր 1000 տարի հետ եւ անընդունելի էր Մոսկվայի համար:

Այսպիսով, 1921-ի պայմանագրերով Մոսկվան որոշեց ազատվել Հայաստանից եւ ազատել դրանից Թուրքիան՝ մասնավորապես, վերջինիս համեմատական անկախությունը Արեւմուտքից ապահովելու համար: Ռուսներն են կառուցել Քեմալի թուրք ազգային պետությունը: Վկան՝ Հանրապետության հուշարձանն է Կոնստանդնուպոլսի Թակսիմ հրապարակում: Թակսիմի պատմությունը պիտի արվի, բայց մի քանի օր կսպասի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում