Կառավարությունը չի ընդունում նախագահ Արմեն Սարգսյանի առարկությունները ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու՝ վարչապետի առաջարկությանը եւ հիմնավորումներով հետ կուղարկվի միջնորդությունը նախագահին։ Այս մասին  հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։

Սահմանադրության 139–րդ հոդվածի հիմքով՝ եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որեւէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:


Նշենք՝ ավելի վաղ նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Նիկոլ Փաշինյանը նախագահին նման առաջարկությունով դիմել էր նախօրեին, երբ հայտարարել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք՝ մարտի 9–ին, Արտակ Դավթյանը Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։ Նա 2020թ.–ի նոյեմբերի 16–ին վարչապետի որոշմամբ ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որին նշանակվել էր 2020-ի հուլիսի 17-ին։ Արտակ Դավթյանը ավելի վաղ՝ հունիսի 8-ին, ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որին նշանակվել էր 2018թ.–ի մայիսի 24–ին։ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման առիթը դարձել էր կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի օրերին որդու հարսանիքը նշելը։