ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի կողմից, որը պատճառել է էական վնաս, իսկ եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում՝ նաև պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար:

Քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: