Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը որոշել են, որ հունիսի 20-ին պետք է Ազգային ժողովի արտահերթ ընտրություն լինի: Երեքն էլ հայտարարում են, որ դա ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է:

Իսկապե՞ս: Ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, այն էլ՝ ներքաղաքական: Հայաստանում նոյեմբեր 9-ից հետո ծավալվող կլոունադան համարվում է ներքաղաքական ճգնաժա՞մ, թե՞ այդ դիմակայության մասնակիցները ձեւ են անում, որ կա այդպիսին, եւ իրենք էլ որոշումներ են կայացնում:

Կա՞ այն հարցի պատասխանը, թե ինչից է առաջացել այդ ճգնաժամը, եւ որքանով է այն պայմանավորված ներքին, որքանով՝ արտաքին հանգամանքներով: Արտահերթ ընտրության որոշում կայացրած եռյակն այս ամիսներին խորհրդարանում չի բարձրացրել հանրային-պետական նշանակության, հայկական իրավունքների՝ պարտադրված պատերազմի եւ եռակողմ հայտարարության, Արցախի օկուպացիայի, ճանաչման կամ վերամիավորման վերաբերյալ հարցեր: Նմանապես, նման հարցեր չի բարձրացրել Բաղրամյան փողոցն արդեն անհիշելի ժամանակներից փակած փրկիչների խմբակը, թեեւ փողոցից պառլամենտ երկու քայլ է:

Փոխարենը, բոլորն անվերապահ հավատարմություն են հայտնել Մոսկվային ու եռակողմ հայտարարությանը, հրաժարվելով Արցախից ու հայկական իրավունքներից, միմյանց հետ մրցելով դա ավելի լավ անելու Մոսկվային հղած խոստումներով:

Ճգնաժամի ակունքը եռակողմ հայտարարությունն է եւ Երեւանում անկայունության վիճակը պահելու ռուս-թուրքական ձգտումը՝ համատեղ ծրագրերն անխափան իրագործելու համար: Գլխավոր շտաբի հայտարարությունն ուղղված էր ներքին դիմակայության ու անկայունության աստիճանը բարձրացնելուն, այդպիսով լուծելով նաեւ բանակի հարցը: Հայաստանի իշխող խմբակն ու քաղաքական դասի գերակշիռ մասը մնում են ռուս-թուրքական այս ծիրի մեջ, եւ հարց է առաջանում՝ եթե ապագա խորհրդարանի մաս են կազմելու այս ուժերը, ինչ է փոխվելու դրանից:

Ճգնաժամի հանգուցալուծումը դրա պատճառների վերացումն է, իսկ Հայաստանում ընկած են հետեւանքների հետեւից՝ անհամարժեք «բանավեճերով»: Դժվար չէ պատկերացնել, թե նախընտրական քարոզչության շրջանում այդ «բանավեճերն» ինչ բարձունքների են հասնելու, եւ ամենակարեւորը՝ ինչ խնդրի են ծառայելու: Կամա թե ակամա՝ էական չէ:

Եռյակի որոշումն այս առումով հավասարազոր է նոյեմբերի 9-ի թե 10-ի եռակողմ հայտարարությանը՝ այն ընդամենը խորացնելու է ճգնաժամն ու անկայունության վիճակը, շարունակելով պետական ինքնիշխան ինստիտուտների ինքնատապալման ընթացքը եւ բացառելով դիմադրությունը Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերին:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/18/628292/