Չեղարկվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ղազախստան , որտեղ նա պետք է մասնակցեր Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԻԱ Նովոստին, հղում անելով թուրք նախագահի աշխատակազմի հայտարարությանը։ Այցի չեղարկման պատճառը չի հաղորդվում։


Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել էր թյուրքալեզու պետությունների «Թուրանի բանակ» ստեղծելու մտադրությունները։ Նա ասել էր, որ Ռուսաստանում նույնպես ապրում են թյուրքալեզու ժողովուրդներ, ո՞ւմ դեմ է լինելու Թուրանի բանակը։

Թուրքիան այժմ գտնվում է բավական անորոշ ներքին իրավիճակում։ Կենտրոնական բանկի նոր ղեկավարի նշանակումից հետո թուրքական լիրան ընկել է 17%-ով։ Բացի դրանից, հրապարակվել է մարտի 23-25 նախատեսված ԵՄ գագաթնաժողովի օրակարգը, որտեղ հիմնական թեմաները լինելու են Ռուսաստանն ու Թուրքիան։

Անկարան հայտարարել է Ստամբուլյան կոնվենցիայի պայմանագրից դուրս գալու մասին, դրանով, ինչպես ասում են փորձագետները, նախազգուշացնելով, որ եթե ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ընդունվեն «վատ» որոշումներ, ապա Թուրքիան կարող է դուրս գալ նաև մյուս պայմանագրերից, այդ թվում միգրացիոն պայմանագրից։

Ամերիկյան ԶԼՄ-ներում ավելի հաճախ են հանդիպում կարծիքներ, որ ապրիլի 24-ին նախագահ Բայդենը կարող է ճանաչել Ցեղասպանությունը։ Հայկական լրատվամիջոցներում ենթադրություններ կան, որ Թուրքիան ապրիլի 24-ին ընդառաջ կարող է առաջարկել Հայաստանին ստորագրել ինչ-որ փաստաթուղթ սահմանների ճանաչման և կոմունիկացիաների բացման մասին, որպեսզի կանխի Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։

Բացի այդ, սկսել են հաճախակի խոսել սիրիական կառավարական բանակի՝ Թուրքիայի հենակետ Իդլիբի վրա հարձակման հավանականության մասին։ Երեկ տեղեկություններ կային թուրքական ուժերի դեմ հասցված հրթիռային հարվածների մասին, ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ հարվածները հասցվել են ռուսական ուժերի կողմից։ Թուրքական լրատվամիջոցները մեղադրել են քրդերին և իրանամետ ուժերին։

Ռուսաստանն ու Թուրքիան անցել են «Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը», սակայն ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները չէին թաքցնում իրենց մտահոգությունը, որ Հայաստանում ցանկացած պահի կարող էր «կտրվածք» առաջանալ։ Իսկ Էրդողանը կոչ էր անում ուժեղ լինել բոլոր ուղություններով, այլապես «Մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի սարսափելի կլինեն, քան Սևրի պայմանագիրը»։

 

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/23/629164/