Մարտի 24-ին տեղի ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը:

Դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովումը պահանջում է համատեղ ջանքեր, կառուցողական ներգրավվածություն և երկխոսություն՝ որպես ուղենիշ սահմանելով ԵԱՀԿ հանձնառությունների անշեղ կատարումը:

Խոսելով ԵԱՀԿ ԱՀՖ Հայաստանի նախագահության գերակայությունների մասին՝ Պապիկյանն առանձնացրեց սպառազինությունների վերահսկման, տարածաշրջանային անվտանգության այլ կազմակերպությունների հետ համագործակցության, վստահության և անվտանգության կառուցման միջոցների և ԵԱՀԿ ռազմաքաղաքական ոլորտի հանձնառությունների ու պարտավորությունների հետևողական իրագործման կարևորությունը: Այդ համատեքստում նա ընդգծեց, որ ԵԱՀԿ հանձնառությունների և պարտավորությունների խախտումները հանգեցնում են միջազգային անվտանգության համակարգերի խարխլմանը, ռազմական ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության նվազմանը, որն իր հերթին ուղղակիորեն վտանգում է մարդու իրավունքները, մասնավորապես՝ կյանքի իրավունքը: Շեշտվեց, որ նման մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի և դրա կառույցների արձագանքման ներուժի ամբողջական և արդյունավետ կիրառում:

Հայաստանը ԵԱՀԿ ԱՀՖ նախագահելու է 2021-ի ապրիլ-օգոստոս ամիսներին, այս մաիսն տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: