ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։

Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։

Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն ամբողջությամբ կառուցում է պացիենտի շնչառական ապարատի մաթեմատիկական մոդելը և համապատասխան ալգորիթմների միջոցով անհրաժեշտ ծավալներով փոխարինում է շնչառական համակարգին։

Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։

Շնորհավորում եմ «Ինժեներական ասոցիացիային», «Ինժեներական քաղաքին», «ԵԻԱ ինժեներինգ» ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին` արձանագրված հաջողության համար։

Հուսանք, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը»։