Ոստիկանները հայտնաբերել են Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի բրոնզաձույլ արձանը գողացողներին եւ ձերբակալել նրանց։ Այս մասին  տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից։

«Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Արցախի եւ Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել եւ, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 45 եւ 42 տարեկան երկու տղամարդ՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով հանդերձ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են:


Կատարվում է նախաքննություն»,– ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել են Լրագրողի բրոնզաձույլ արձանը:

Լրագրողի արձանը բացվել է 2014 թվականին: Այն խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալ լրագրողի կերպարը: