Ադրբեջանական Minval.az լրատվական կայքը տեղեկացնում է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր՝ վկայակոչելով Ադրբեջանի ականազերծման գործողությունների ANAMA գործակալությանը։

Ըստ հաղորդման, Շուշիում ադրբեջանական կողմը դեռ անցյալ տարվա դեկտեմբերից սկսել է ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքներ եւ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ։


«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատներն են՝ 39 ° 45'38.10" N 46 ° 44'33.90 "E և 39 ° 45'27.80" N 46 ° 45'25.80 "E: Ադրբեջանցի մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգում է իրականացվել եւ պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Բաքվից նշում են, որ նույնիսկ բաց համացանցային աղբյուրներից կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին։ Այսպիսով, Բաքուն հայտարարում է, որ Հայաստանը Շուշի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդեր» համակարգեր: