Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոմանդոսի հետ ծանոթացա ուսանողական տարիներին՝ ԵՊՀ-ի Սաթենիկ Աբրահամյանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի շնորհիվ։

Հաճախ էինք գնում գեներալի մոտ ու զրուցում 90-ականների պատերազմի առանձնահատկությունների, Շուշին ազատագրելու մասին։ Կոմանդոսի հետ մտերմությունը ամրապնդվեց 2012-ից հետո, երբ վավերագրական ֆիլմեր էի նկարում ու հաճախ էի դիմում գեներալին՝ փաստեր ճշտելու համար։

2017-ին ֆիլմ էի նկարում Արցախի Կարմիրավան գյուղի զոհված հրամանատար Յաշա Գարայի մասին։ Կոմանդոսի հետ շատ երկար զրուցեցինք Յաշայից, գեներալի աչքերն անընդհատ խոնավանում էին։ Կոմանդոսի հետ վերջին տարիներին հաճախ հանդիպում էի Գուսան Հայկազունի նախաձեռնությամբ։

Նրանք հին ընկերներ էին, հումորով ասում էին, թե տարբեր տարիքային խմբերի փորձի փոխանակում ենք անում։ 2020-ի պատերազմի առաջին օրերին հանդիպեցի Կոմանդոսի հետ։ Տխուր էր, այդ պահին ինձ ոչինչ չասաց, բայց հետո դեսպան Արման Նավասարդյանին ասաց, թե «սրանք Ղարաբաղը հանձնում են, Мы потеряем Карабах, дорогой!»:

Կոմանդոսի հետ իմ վերջին հանդիպումը 2020-ի նոյեմբերի 9-ի առավոտյան էր։ Մի քանի օր առաջ էինք ջոկատով վերադարձել Արցախից, գեներալին ասացի, որ էլի ենք մեկնելու։ Ասաց՝ հիմա կարևոր է Լիսագոր տանող հատվածը, հետո մտափոխվեց՝ խորհուրդ տալով մեկնել Ծաղկաբերդ, Քաշաթաղ։

Կոմանդոսին հարցրի, թե ինչ լուր կա Շուշիից, սովորության համաձայն, կիսատ պատասխանեց․ «ինչ ա թե մի քանի թուրք կա, մերոնք մաքրում են․․․»։

Աղբյուր