«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունը պնդում է, թե 2008 թվականի մարտի 1-ի ժամանակ 10 անձի մահվան դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, սակայն հեղափոխությունից մինչ օրս այդ մասով որեւէ բացահայտում առկա չէ, եւ ներկայիս իշխանությունները բավարարվել են միայն նախկին պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրելով։ Եվ ինչպես Սահմանադրական դատարանը համարեց, մեղադրանքներն էլ հակասահմանադրական էին եւ անվավեր։

Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը, որտեղ առկա են մանրամասներ նաեւ այս գործի քննությունից։ Օրինակ՝ հաշվետվության մեջ հանդիպում ենք այսպիսի նախադասության. «10 անձի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննվել են բազամաթիվ անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, զննություններ, եւ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գրավոր հանձնարարություններ»

Սակայն այսօրվա դրությամբ փաստ է մեկ բան՝ 10 զոհերից որեւէ մեկի մահվան հանգամանքն այդպես էլ բացահայտված չէ։ Դատախազության հաշվետվության համաձայն՝ ներկայումս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 12 անձ: 2020 թվականի ընթացքում նշված քրեական գործով որպես վկա հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, քաղաքացիներից եւ պետական տարբեր հիմնարկներից կատարվել են 10-ից ավելի առգրավումներ, կատարվել են 15-ից ավելի խուզարկություններ, նշանակվել են 50-ից ավելի փորձաքննություններ, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 2000 միավոր հրազեն եւ մեծ քանակությամբ զինամթերք, սակայն, ըստ էության, ոչինչ չի բացահայտվել, քանի որ իշխանությունների համար գերխնդիր էր ոչ թե սպանությունների բացահայտումը, այլ նախկին պաշտոնյաներին ճաղերի հետեւում տեսնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում