Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները Շուշիից իջել են Ստեփանակերտ և գրառում էին կատարել տանկի մոտակայքում տեղադրված ցուցանակի վրա։ ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս միջադեպին, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն ասել է, որ կարելի է երկու տեսանկյունից մոտենալ այս հարցերին, մի կողմից` այս կապիտուլիացիայից և խայտառակ պարտությունից հետո մենք վերակազմակերպվելու, նորից մեր ուժերը վերականգնելու խնդիր ունենք և, բնականաբար՝ նամանատիպ միջադեպեր կարող են լինել։

«Ինձ երեկ բնակիչներից էլ են նման հարցեր ուղղել, թե արդյոք ապագայում ավելի վտանգավոր դեպքերի ականատես չենք լինի, վերկազմավորման ընթացքում առավել ևս, երբ պարտվածի կարգավիճակում ես, նման դեպքեր լինելու են, բնականաբար, սա ոչ թե պետական մակարդակի կազմակերպված միջադեպ է, այլ գուցե կարելի է վերագրել նրան, որ խմած են եղել կամ ինչ-ինչ պատճառով որոշել են իջնել՝ իմանալով, որ հիմա պարտված են, հետևաբար նաև վախեցած։ Սրա նպատակը վախ տարածելն է, այն, ինչ ադրբեջանցին միշտ արել է։ Մյուս տեսանկյունից, երբ նայում ենք, իհարկե, եթե այսօր որևէ մեկը կխոսի Արցախի անվտանգությունից, իսկ Հայաստանի անվտանգության մասին՝ նա անամոթաբար կստի, ինչպես ստում էին 3 տարի շարունակ, ինչպես ստում էր Արցախի նախագահը, որ հայտարարում էր, թե օդը պաշտպանված է, պատերազմ եք ուզում՝ պատերազմ կստանաք, և այլ և այլ։ Իհարկե, մենք այսօր անվտանգությունից խոսելու իրավունք դեռևս չունենք»։


Լրատվականի դիտարկմանը, թե մտավախություն չկա՞, որ հաջորդ անգամ կարող է ցուցանակի վրա գրառմամբ չբավարարվեն և ավելի վտանգավոր գործողությունների դիմեն, ի վերջո, արդյոք այստեղ ռուս խաղաղապահներն անելիք չունեն՝ նա ասաց, որ այսօր տեղեկացվել է, որ պատրաստվում են քայլեր, որպեսզի հետագայում խուսափենք նմանատիպ իրավիճակներից և այդ քայլերը ձեռնարկում են հենց ռուս խաղաղապահները։

«Իրենք էլ դեռ այս տարածաշրջանում նոր են, իրենք էլ են այստեղ հարմարվողի դերում և, իհարկե, նմանատիպ դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև նման դեպքերը բացառելու ուղղությամբ կատարվում են քայլեր, արդեն որոշումը կայացված է, թե հատկապես ինչ քայլեր են իրականացվելու, կարծում եմ, շատ կարճ ժամանակում արդյունք կունենանք»։