Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Բեն Ահմեդ ալ-Ուսայմինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ ռազմագերիների հարցին։ Նա ասել է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի հայ ռազմագերիների հարցը փակված է եւ Բաքուն վերադարձրել է Երեւանին բոլորին, որոնք ռազմագերի են համարվում։

Ըստ այդմ, Ադրբեջանը վերադարձրել է Հայաստանին 70 ռազմագերու, իսկ Հայաստանը՝ տասներկու ռազմագերու։ Ներկայումս, Հայաստանի կողմից բարձրացված խնդիրը առաջացել է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո։ Բայրամովը մանրամասնել է, որ նոյեմբերի 10-ից հետո զինաթափված հայ զինվորականները, որոնք այսօր պահվում են Ադրբեջանում, էլ ռազմագերի չեն համարվում։«Որպեսզի զինվորականը համարվի ռազմագերի, նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9֊ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»,- հայտարարել է Բայրամովը։