Ազգովի հարձակվել եք Ծառուկյանի վրա, թե բա տեսեք-տեսեք ինչ հարսանիք արեց տղու համար, ինչ էլ սիրտ ունի, սա էլ քաղաքական գործիչ է: Կարդում եմ ու ապշում, վեց ամիս անաշխատ պարգևավճար ստացող պաշտոնյաներից պահանջելու բան չունեք, բայց հարսանիք անող ընտանիքին դատափետելու պատճառ ունե՞ք։ Երկիրը էնպիսի մի դժոխքի եք վերածել, որ մարդ ուրախ լինելու համար մեղավոր է իրեն զգում, հարսանիք անելու համար ինդուլգեցիա է փորձում ստանալ՝ 100 միլիոն զինվորների հիմնադրամին փոխանցելով:


Ասում եք գերիներ ունենք, անհետ կորածներ, չէ լո՞ւրջ։ Բա մի անգամ վեր կացեք գնացեք էդ ծնողների հետ ՊՆ կամ կառավարություն, պահանջեք իշխանությանը աշխատել, թե դա էդպես չի աշխատում, դուք տնից գաղջ տարածող եք, դուք դրա հետ ինչ կապ ունեք: Դուք ընտրված իշխանությունից բան չունեք պահանջելու, դուք անհատների ոսկորներն եք լվանում, հետո ինչ-որ ՍԴ դատավոր ունենք ով մի օր աշխատանքի չի գնացել, բայց ձեր հաշվին աշխատավարձ է ստանում, հետո ինչ, որ պարտված իշխանություն ունենք, որ պատասխանատվություն չի կրում, դուք Նիկոլի ընտրազանգվածն եք, ձեզ լավ ապրել պետք չի, ձեզ պետք է, որ բոլորը վատ ապրեն` սա է երջանկության ձեր գրավականը:

Մի ամբողջ ազգ Եռաբլուրում թաղելուց ի՞նչ եք ստանալու: Դե եկեք ազգովի սուգ սկսենք՝ ոչ մի տեղ չգնանք, ոչ մի ուրախություն չանենք, եկեք երաժշտությունը և հրավառությունններն օրենքով արգելենք, տնտեսության 7-ն ու քառասունքն էլ մի օրում անենք, պրծնենք:
Բայց հանկարծ պահանջատեր չլինենք, հանկարծ կապիտուլիանտին ձեռք չտանք, ինքը միակն է ով հավասարություն է ապահովվում երկրում, բոլորիս հավասար դժբախտ և անապահով է սարքում:

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, մարդը կարողացել է, աշխատել է, ձեռի հետ էլ քանի ընտանիք է աշխատանքով ապահովվում, կարծում եք թալանե՞լ է, բա գնացեք ձեր «Կոպեկ առ կոպեկ» հետ բերողից պահանջեք թող տանի նստեցնի, թե դուք անգամ դա չեք կարող պահանջել: Իսկ գիտեք ինչո՞ւ, որովհետև ձեր իսկ իշխանությունը թքած ունի ձեր պահանջների վրա, որովհետև դուք այլևս գործոն չեք, դուք ամբոխ եք` հախուռն ատելությամբ լի:

Նորայր Մարտիրոսյան