«Հիմա հարցերի հիմնական մասը կապված է հումանիտար խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ապահովում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման հարցը», ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Ըստ նրա՝ այս հարցում դրական դերակատարում կարող են ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:


Նկատենք՝ Լավրովի տեղակալը ԵԱՀԿ Մինսկի խմբին «հատկացնում է» հումանիտար, հաղորդակցական եւ այլ խնդիրներով դեր, բայց ոչ այդ խմբի մանդատով պայմանավորված քաղաքական կարգավորում, մասնավորապես՝ Արցախի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի որոշումը, այսինքն արցախցիների ինքնորոշումը եւ միացումը Հայաստանի Հանրապետությանը։

Ավելին, ՌԴ ԱԳՆ հատկացրած բոլոր խնդիրները ռուս-թուրքական օրակարգից են: Նույնիսկ գերիների եւ փախստականների հարցը այդտեղից է: Հայերին են կասկածելի հանգամանքներով գերել՝ ոչ թուրքերին, թուրք փախստականները կարող են վերադառնալ իրենց տները, իսկ Հադրութի եւ Շուշիի հայերը՝ ոչ: Այդպիսին է ռուս-թուրքական պայմանավորվածությունը:


Պուտինն ու Ալիեւը համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թեեւ ռուսները, Մարիա-Մագդալենայի հայացքը ամպերին ուղղած, երբեմն հղում են անում Մինսկի խմբին։ Կարասինի հայտարարությունը եւս մեկ հաստատում է, որ Ռուսաստանը ցանկանում է լեգիտիմացնել Թուրքիայի հետ Հայաստանի դեմ ագրեսիան ու եռակողմ հայտարարությունը՝ Մինսկի խմբին կցելով բացառապես իրեն հետաքրքրող խնդիրների քննարկմանը։

Նման հանգամանքներում, Բաքուն ժամանակին կտրականապես դեմ էր հանդես գալիս, ճշմարտացի նկատելով, որ Մինսկի խմբի, օրինակ, մոնիթորինգը 1994 գծի երկայնքով լեգիտիմացնելու էր Առաջին պատերազմի՝ հայերի համար հաղթական արդյունքները:

Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, համառորեն չի ընդունում հրադադարի եռակողմ հայտարարությունը որպես խնդրի կարգավորում։ Ավելին, ամերիկացիները նշում են, որ տեւական խաղաղությունը հնարավոր է քաղաքական կարգավորման միջոցով, իսկ Մոսկվայի սեպարատ գործողություններն ուղղված են ռազմական ներկայության հաստատմանը, առանց հակամարտության լուծման որեւէ շահագրգռության։

Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ICR Center-ի իր հոդվածում գրել էր, որ «երբ Լավրովի ծրագիրը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը` Ռուսաստանի համանախագահ դեսպան Պոպովին՝ Կրեմլը կհամաձայնի՞ իրականացնել, եթե Երեւանն ու Բաքուն զիջեն եւ ընդունեն այն: Նա անկեղծ պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»:

Ռուսաստանը Լավրովի ծրագիրը իրականացրել է Հայաստանի դեմ պատերազմով՝ Հայաստանի ծրագրավորված պարտության ու Արցախի կարգավիճակի ոչնչացման դիմաց իր զորքը մտցնելով Արցախ: Դա միակ տարբերակն էր Մոսկվայի համար գոնե սահմանափակ ժամանակ մնալ Կովկասում եւ միաժամանակ նախ օգտագործել, այնուհետեւ հնարավորինս թուլացնել Հայաստան պետության կենսունակությունը։

Արցախյան կարգավորման ցանկացած այլ տարբերակի պարագայում դա հնարավոր չէր՝ Ռուսաստանը կանգնելու էր երկրի սրընթաց մասնատման հեռանկարի առջեւ։ Այս վերջին հանգամանքը շեշտում են իրենք, ռուս փորձագետները:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/12/633784/