Այսօր՝ ԱԺ-ում ելույթ ունենալիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մովսես Հակոբյանի այն հայտարարությանը, թե վարչապետը պատերազմի ընթացքում հրահանգել է դադարեցնել զորահավաքը, ասաց․ «Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ ուղիղ եթերում հանդես ես գալիս մարտակոչով, հետո, հենց ուղիղ եթերը դադարում է, հեռախոսը վերցնում, ասում ես՝ դադարեցրե՛ք: Այսինքն՝ նման հայտարարությունն անհեթեթ է, և այդ հայտարարության հեղնակը մեծ պրոբլեմ ունի, այն է՝ լինելով բարձրաստիճան զինվորական, փորձում էր հանձնել յոթերորդ պաշտպանական շրջանը, իսկ ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց առջև կայացրել եմ որոշում, որի արդյունքում յոթերորդ պաշտպանական շրջանը մինչ օրս հայկական զինված ուժերի տրամադրության տակ է»,- ասաց նա:

«Ընդ որում, պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ»,- շեշտեց վարչապետը:

«Այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում անընդհատ, օրումեջ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, էդ մարդը, ընդհանրապես, կարծում եմ, բազմաթիվ խնդիրներ և բարդույթներ ունի և դեռ շատ հարցերի պիտի պատասխանի»,- հավելեց նա։