«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը նախկին իմքայլական պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին չպատասխանեց։ Պատճառը ոչ այնքան այն էր, որ պատգամավորն ամոթանք տվեց իմքայլականներին՝ Փաշինյանի ելույթին հոտնկայս ծափահարելու համար, որքան այն, որոշ տեղեկություններով, նա վաղուց ատամ ուներ նրա վրա։

Մեզ պատմեցին, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանի եւ թիմակիցների առաջին հանդիպմանը Գեւորգյանն առաջինն է ելույթ ունեցել, վերլուծել իրենց եռամյա անցած ուղին եւ վերջում հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալու ժամանակն է։


Բայց իմքայլականները պատմում են, որ Գոռ Գեւորգյանը ժամանակին խմբակցության նիստերից մեկի ժամանակ գործընկերներին ասել է, որ իրենք՝ բոլոր 88-ը, Փաշինյանի «վզին նստած» են եկել խորհրդարան։

Եվ երեկ վարչապետի հետ տհաճ հարցուպատասխանից հետո այդ պատմությունն էր ակնարկում իմքայլական Սիսակ Գաբրիելյանը՝ հորդորելով «հարգելի պարոն վարչապետին»՝ չանդրադառնալ նախկին թիմակիցներին, ովքեր ժամանակին խոստովանել են, որ իր «վզին նստած» են մտել խորհրդարան։ Գաբրիելյանը նաեւ ձեռքով ցույց տվեց ծոծրակը։

Եղե՞լ է նման խոսակցություն նիստի ժամանակ՝ հարցրինք Գոռ Գեւորգյանին։ Նա չհիշեց նման զրույց, փոխարենը Սիսակ Գաբրիելյանին հորդորեց իր՝ այստեղ հայտնվելու մասին պատմել, թե ինչպես է եղել․ «Ի տարբերություն ցուցակում հայտնված շատ-շատերի, իմ ընկերների հետ աշխատել եւ չարչարվել եմ իմ ստացած ձայների համար։ Թե դրանից որ մասնաբաժինն է պատկանում թիմին, առաջնորդին, որը՝ ինձ, ես անհարիր եմ համարում քննարկել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում