Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, անդրադարձավ այն մեղադրանքներին, թե իր հրահանգով պատերազմի օրերին զորքերի համալրումը դադարեցվել է։

«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ՝ ուղիղ եթերում մարտակոչով հանդես ես գալիս, հետո հենց ուղիղ եթերը դադարում է, գնում ես, հեռախոսը վերցնում՝ ասում ես՝ դադարեցրեք։ Այսինքն՝ այդ հայտարարությունը անհեթեթ է, և այդ հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի։ Գիտե՞ք որն է այդ պրոբլեմը, երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական զինված ուժերի տրամադրության տակ է։ Եվ ասեմ, որ պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ։ Եվ այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում օր ու մեջ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, էդ մարդը, կարծում եմ, ընդհանրապես բազմաթիվ խնդիրներ ու բարդույթներ ունի։ Եվ ինքը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե պատերազմի օրերին զինված ուժերին հրահանգել է գրավել Լելե-Թեփե բարձունքը, ինչը հետևանքով, ըստ տեղեկությունների, 700 զոհ է եղել։ «Կատարյալ անհեթհեթություն, այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկը ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում, այնպիսի գեներալներ, ովքեր այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ես ներկա եմ եղել, բայց սեփական կարծիք անգամ չեմ հայտնել։ Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ դու ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է։ Դրանից հետո տվել է հանձնարարական, հանձնարարական ստացողն ասել է՝ այո, դա պետք է անել»,- հայտարարեց Փաշինյանը։