Անվտանգության խորհրդի գրասենյակն այսօր՝ ապրիլի 15–ին հատվածներ է հրապարակել անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արձանագությունից՝ խախտելով միաժամանակ մի քանի կարևորագույն օրենքներ։ Այսպես. «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4–րդ հոդվածի 14–րդ կետի համաձայն՝ Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաև քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն:

Անվտանգության խորհրդի կողմից գաղտնազերծված արտահերթ նիստը տեղի է ունեցել 2020թ. սեպտեմբերի 30–ին՝ պատերազմի երրորդ օրը։ ԱԽ նիստի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը, հետևաբար ԱԽ նիստի արձանագրությունը գաղտնի է եղել։ Գաղտնիության մասին երեկ՝ ապրիլի 14–ին խորհրդարանում հայտարարել է անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «կմտածեն Անվտանգության խորհրդի գաղտնի արձանագրության՝ Օնիկ Գասպարյանի հատվածը հրապարակելու մասին»։ Սա նշանակում է, որ ԱԽ նիստի՝ գաղտնիության աստիճան ունեցող արձանագրության հրապարակումը եղել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով։


«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Պետական և ծառայողական գաղտնիք կազմող և «գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են մինչև 10 տարի: Նույն օրենքի համաձայն՝ տեղեկությունները կարող են գաղտնազերծվել երկու հիմքի դեպքում։

ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները.

բ) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:

Մինչ այս պահը մեզ հայտնի չէ որևէ տվյալ այն մասին, որ ՀՀ–ն որևէ միջազգային պարտավորություն ունի գաղտնազերծելու պատերազմին առնչվող անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը, իսկ ինչ վերաբերվում է օբյեկտիվ հանգամանքների փոփոխությանը, ապա, հավանաբար իշխանությունների համար ընտրություններից առաջ «օբյեկտիվ» խնդիր է առաջացել՝ պարտերազմը չդադարեցնելու և պարտության ողջ մեղքը բանակի նախկին հրամանատարության վրա բարդելը։ Այս համատեքստում է գուցե Փաշինյանը համարել, որ այլևս նպատակահարմար չէ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը, կամ էլ պարզապես ՀՀ վարչապետը երբևէ չի կարդացել և չի տիրապետում այս օրենքներից որևիցե մեկին։

Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306–րդ հոդվածի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: