«Այս իշխանության էլեկտորատը բաղկացած է երկու սեգմենտից։ Մի սեգմենտը նա է, որ այս իշխանության ջատագովն է, դա մոտավորապես 10-15 տոկոս է։ Մնացած մասը՝ դա 15 տոկոս է, թե՞ 20, թե՞ կձգի մինչև 30 տոկոս, դա նախկին իշխանության անտիձայներն են, որ գալիս է Նիկոլ Փաշինյանին մի բանի համար, որ նրանք չգան։ Հիմա, եթե նրանք ուզում են, որ այս մարդիկ չլինեն, ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին։ Մի կողմ քաշվեք և մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր քիփլիկ ընդդիմություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով։ Մի կողմ չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարատադրման ճանապարհով։ Էս մարդկանց ուժ տվողը ձեր դեմ ելույթներն են», ասել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


Ավելի վաղ նա ասել էր, որ երկրում արդեն սև ու սպիտակի բաժանում այլևս չկա, արդեն սև ու սև է․ «Այս ընտրությունը լինելու է շատ մեծ անակնկալ, գելխեղդներն ու գայլերը իրար հետ հեռանալու են, նախ՝ գելխեղդները «ֆեյք» են, իրանց մեջ գելխեղդ չկա, գայլերն էլ մի նենց գայլեր էլ չեն, երկուսն էլ հեռանալու են և գալու են նորմալ մարդիկ, որոնք երկիրն այս իրավիճակից հանելու են, օրինակ՝ իմ նման մարդիկ․․․ Ճգնաժամը կլուծվի, եթե այս իշխանությունը հեռանա, ոչ թե հեռանա, որ նախկին իշխանությունը գա, այլ հեռանան բոլորով»։

Հայաստանի Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ արտահերթ ընտրությունները ճգնաժամից ելք կարող են լինել այն դեպքում, եթե իշխող Իմ քայլը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չմասնակցեն դրանց։ Այս կարծիքին են այլ ուժեր եւս, որոնք ներգրավված չեն եղել իշխող մեծամասնության ու ՀՓՇ կոչվող միավորման 6-ամսյա խեղկատակությանը, պատերազմի հանգամանքների, դավաճանների, գերիների եւ այլնի մասին «բանավեճերին»։

Ընտրություններն իսկապես ճգնաժամի հանգուցալուծում կլինեն Մարուքյանի ու Ղուկասյանի առաջարկի ընդունման դեպքում։ Քանի որ ներկայիս համապարփակ ճգնաժամի պատճառը 30-ամյա շրջանի կառավարման որակներն ու բնույթն են։ Հիմա սեւ ու սպիտակներ իսկապես չկան, նրանք սեւ են ու միակ բանը, որին ընդունակ են, միմյանց մեղադրելն է դավաճանության, երկիրը ծախելու եւ այլնի մեջ՝ ռուս-թուրքական ծրագրերը սպասարկելու պատրաստակամությամբ։ Պետք է նշել, որ նրանք ճիշտ են միմյանց գնահատականներում։ Եվ կարող են իրենց այդ գործը շարունակել պետական ինստիտուտներից ու զլմ-ներից դուրս մի որեւէ վայրում, ցանկալի է՝ Ռուսաստանում, որին օրնիբուն հավատարմություն են հայտնում ու մատնագրեր հղում իրար վրա։

Այս ուժերն ընդունակ չեն այլ բանի, առավել եւս՝ ճգնաժամը լուծելու եւ ազգային օրակարգ ձեւավորելու հարցում։ Մյու կողմից, կա մի հանգամանք, որին Լրագիրն անդրադարձել է մի շարք հրապարակումներով։ Խոսքը Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան սխեմայով իշխանության ձեւավորման մոսկովյան սցենարի մասին է, որը ոչ միայն կոչված է ապահովել Լավրովի ծրագրի՝ արդեն Հայաստանի տարածքի վերաբերյալ իրագործումը, այլեւ շարունակել Հայաստանի պետական ինստիտուտների կազմալուծումն ու համապարփակ ճգնաժամը։

Նիկոլ-ՀՓՇ-Քոչարյան ծիրից դուրս ուժերի խնդիրն է տապալել այս սխեման, որի բոլոր նախադրյաները կան, ընդ որում՝ այս տանդեմի ֆինանսական, վարչական, քարոզչական եւ այլ ահռելի ռեսուրսները տվյալ պարագայում մեծ նշանակություն չունեն։ Շախմատի լեզվով ասած՝ Էդմոն Մարուքյանը ձեռք է տվել՝ պետք է խաղա, առավել եւս որ այդտեղ է ներկայում քաղաքական գործունեության իմաստը։ Խնդիրը գիտակցվում է, բայց դա չպետք է ծառայեցվի երրորդը դառնալու գործին։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/16/634902/