Ռուսաստանում միգրացիոն ոլորտում խստացումների հետևանքով ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված առնչվելու է այս խնդիրներին։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։


Հիշեցնենք, որ ըստ ռուսական կողմի հրապարակած տվյալների՝ Հայաստանից 61 հազար անօրինական միգրանտ կա ՌԴ տարածքում։ Նրանց ժամանակ է տրվել՝ սանկցիաներից զերծ մնալու համար մինչև հունիսի 15-ը լքել երկիրը։

«Փոփոխություններ կան, որ արդեն ուժի մեջ են, փոփոխություններ կան, որ կլինեն առաջիկայում։ Արդեն իսկ մամուլում եղան տեղեկություններ ռուսական կողմից հնչեցրած մի հայտարարության մասին, որով ասվում էր, որ անօրինական միգրանտների որոշակի զանգված է կուտակվել իրենց երկրի տարածքում ԱՊՀ տարածքներից։ Եվ ՀՀ քաղաքացի հանդիսացող միգրանտների մասով հնչեցվել է 61 հազար թիվը։ Նաև զգուշացում ու տեղեկացում կա, որ արդեն իսկ ՌԴ իշխանությունները պատրաստում են սանկցիաներ, որ պետք է կիրառվեն այս թիրախ խմբի նկատմամբ։ Եվ հորդորում են մինչև սանկցիաների իրականացումը, այն է՝ հունիսի 15-ը, երկրի տարածքը կամավոր լքեն անօրինական միգրանտի կարգավիճակում գտնվող անձինք»,- ասաց Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով՝ բացի դրանից, կան բավական կոշտ խստացումներ, որոնցից մեկն, օրինակ, ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից։

«Խոսքը միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող վերահսկողության մասին է և կարգի խախտման դեպքում կիրռվող պատասխանատվության։ Խոսքն այն մասին է, որ օտարերկրյա փոխադրողը կամ նրա ներկայացուցիչը, եթե սահմանահատման ժամանակ ունեն չվճարած տուգանք, սահմանահատման պահից սկսած՝ երեք ժամվա ընթացքում հնարավորություն ունեն տուգանքը վճարելու և շարունակելու ճանապարհը։ Այլապես նրա մուտքը պարզապես կարգելվի։ Ավելին, եթե ՌԴ տարածքում լինեն երթևեկության կանոնների խախտումներ և էլի տուգանքներ կուտակվեն, Ռուսաստանը լքելու հետ կապված դարձյալ սահմանի վրա վարորդը խնդիր է ունենալու»,- ասաց նա։

ՌԴ պետդումայում շուտով կքննարկվեն մի շարք ավելի գլոբալ փոփոխություններ, որոնք նախատեսում են ընթացիկ կարգերի ոչ թե կրկնապատիկ կամ եռապատիկ, այլ բազմապատիկ խստացումներ։

Այս փուլում բարձրացվում է հարցը, թե ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիներ, արտոնություններ չե՞ն կիրառվելու։ Նելլի Դավթյանն ասաց․ «Այս պահին, ցավոք սրտի, մենք որևէ առավելության մասին խոսել չենք կարող, որովհետև խոսքը մուտքի, մուտքի արգելքի, մշտական բնակության, կացության իրավունքի, այսինքն՝ բոլոր միգրացիոն կարգավորումների մասին է։ Իսկ ԵԱՏՄ շրջանակներում միայն աշխատանքային միգրացիայի վերաբերյալ մենք կարող ենք այլ կարգեր ակնկալել։ Սա այդ դեպքը չէ»։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/20/635687/